Tuesday, April 30, 2024
ՀիվանդություններՆորություններ

25 տարեկանից բարձր անձանց արյան լեյկեմիայով հիվանդներին օգնող «Առագաստ» հիմնադրամ է ստեղծվել

Արյան չարորակ հիվանդություններ ունեցող 25 տարեկանից բարձր մարդկանց օգնելու նպատակով ստեղծվել է «Առագաստ» բարեգործական հիմնադրամը, որի աջակցությամբ պացիենտները հնարավորություն կունենան անցնելու անհրաժեշտ հետազոտություններն ու ձեռք բերելու դեղամիջոցներ:

Արյունաբան, Հայկական արյունաբանական ասոցիացիայի նախագահ, «Առագաստ» հիմնադրամի խորհրդի անդամ Երվանդ Հակոբյանն ասաց, որ ունեն ընկերներ, որոնց հետ լուրջ և պատասխանատու ճանապարհ են անցնելու և հաջողելու դեպքում մեծ բավականություն կստանան, հաղթանակի զգացում կունենան․ «Ձգտում ենք աջակցել 25-ից բարձր տարիքային խմբի մարդկանց, որոնք արյան չարորակ հիվանդություններ ունեն: Կօգնենք բացակա դեղամիջոցներ ձեռք բերել ու դժվարամատչելի հետազոտություններ անցնել: Արյունաբանությունը թռիչքային զարգացում է ապրում, և մի շարք հիվանդություններ, որոնք մի քանի տարի առաջ ճակատագրական էին, այսօր հնարավոր է բուժել: Դժվար է, երբ գիտես, թե ինչպես օգնել, սակայն չկա հնարավորություն: Հիմնադրամի նպատակներից մեկը մեր գիտելիքներն ու հնարավորությունները հավասարեցնելն է»:

Հիմնադրամի գործադիր տնօրեն Ինեսա Չիլինգարյանն էլ հիշեցրեց, որ մինչ օրս Հայաստանում չի եղել 25-ից բարձր տարիքային խմբի հիվանդների համար գործող աջակցման հիմնադրամ: «Մարդիկ իրենց միջոցներով են փորձել օգնություն ստանալ: Հաճախ վարկ են վերցրել, գույքը վաճառել, դիմել բարերարների և այլն, սակայն համակարգված օգնություն չի եղել, ուստի մեզ համար կարևոր է, որ այս հիմնադրամը հաջողի ու աջակցի պացիենտներին»:

Միտք․am-ի հարցին, թե մինչ այս ինչպես է կարգավորվել խնդիրը, որևէ մեկը չի բուժվել արդյոք, թե հիվանդը, նրա հարազատներն են հոգացել․ Սոնա Հովհաննիսյանը և Երվանդ Հակոբյանը մանրամասնեցին, որ եղել են անանուն, սակայն կարեկից հովանավորներ, ովքեր մասնավոր կարգով օգնել են հիվանդի համար դեղորայք ձեռք բերելու, բուժումն արդյունավետ կազմակերպելու համար, սակայն չեն ցանկացել, որ իրենց անունները բարձրաձայնվի, հիմա՝ բոլորին ցանկանում ենք մեկտեղել հիմնադրամում և միջոցներն ավելի արդյունավետ ու նպատակային ծախսել։

«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 22-րդ փառատոնի տնօրեն, «Հայա» փառատոնի համահիմնադիր, «Առագաստ»-ի խորհրդի նախագահ Սոնա Հովհաննիսյանի հավաստիացմամբ՝ իրենց հասարակական, մշակութային գործունեությունը կծառայի հիմնադրամի բարեկեցությանը․ «Կլինեն դրամահավաքներ ոչ միայն Հայաստանում, այլև սփյուռքում: Հայաստանում առաջին միջոցառումը նախատեսված է հունիսի սկզբին: Այն կրում է «Արվեստը կյանքի համար» խորագիրը: Կլինի համերգային մաս, հետո՝ աճուրդ: Հույս ունենք, որ հիմնադրամի գործունեության առաջին կես տարվա համար այդ երեկոյին համապատասխան գումար կհավաքվի: Գումարի հայթայթման հիմնական միջոցը դրամահավաքն է»:

«Առագաստի» համահիմնադիր, խորհրդի անդամ Հակոբ Պապիկյանը շեշտեց, որ արյան քաղցկեղային հիվանդություններ ունեցող մարդկանց որոշ տարիքայի խմբի համար և՛ պետության, և՛ ֆոնդերի աջակցության կա, սակայն 25 տարեկանից բարձր խմբի համար չկար․ «Անգամ գերզարգացած տնտեսություն ունեցող երկրներում տարատեսակ բարեգործական ֆոնդերի գործունեության անհրաժեշտություն կա, ֆոնդերի, որոնք կաջակցեն պացիենտներին: Մենք առաջիկայում դրամահավաքներ կիրականացնենք՝ օգտագործելով նաև ծանոթությունների շրջանակը՝ այս նպատակը լավագույնս իրագործելու համար: Փորձելու ենք այնպես անել, որ աջակցության կարիք ունեցող բոլոր պացիենտներն ախտորոշման փուլն անցնելիս լիարժեք աջակցություն ստանան։ Նպատակը՝ բուժման ամբողջական ծրագրի ապահովումն է»:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook