H1N1-ով վարակվածների մեծ մասը երեխաներն են, արդյոք վիրուսը նույն խոզի գրի՞պն է. ի՞նչ վտանգներ կան, և ինչպե՞ս պաշտպանվել
Հայաստանն այս պահին գտնվում է գրիպի և սուր-շնչառական վարակների ակտիվության շրջանում։ Չնայած ակտիվ փուլի միջին մակարդակում ենք, սակայն հիվանդացության աճը պահպանվում է։ Հիմնականում շրջանառվում է H1N1 վիրուսը։
Նշենք՝ այս վիրուսի հետևանքով Հայաստանում արդեն 2 մահվան դեպք է գրանցվել: Մահացած պացիենտները 35 տարեկան էին: Ընդ որում, նրանցից մեկն ունեցել է խրոնիկ հիվանդություններ, 4-րդ աստիճանի ճարպակալում:
«Թե՛ պոլիկլինիկա, թե՛ հիվանդանոցների և շտապ օգնության դիմելիության կանչերի ցուցանիշները բարձր են։ Այս պահի դրությամբ ունենք 622 հիվանդ, որոնք բուժում են ստանում ՀՀ տարբեր ԲԿ-ներում, հիվանդների 95 տոկոսը 0-18 տարեկան է։ 95 տոկոսից 74 տոկոսն էլ կազմում են 0-4 տարեկան երեխաները։ Այսինքն՝ ամբողջ ծանրաբեռնվածությունը երեխաների մասով է, քանի որ նրանք համարվում են խոցելի խումբ»,- ասում է Խաչատրյանը։
218 հիվանդ էլ այս պահին բուժում է ստանում թոքաբորբ հիվանդության դեմ, որից 54 տոկոսը ևս 0-18 տարեկան երեխաներն են։ Համաճարակաբանը նշում է՝ թվերի այս բարձր ցուցանիշը կապ ունի և՛ վիրուսի ակտիվության հետ, և՛ մարդկանց ուշ դիմելիության։ Յուրաքանչյուր տարի այս սեզոնին ակտիվությունը զգացվում է, վիրուսների տարածման նպաստավոր պայմաններն են մարդաշատ վայրերը, փակ տարածքները՝ առանց օդափոխման, վիրուսակիր մարդկանց հետ շփվելը։
«Այս ակտիվ ցուցանիշն առկա է Եվրոպական և մեր տարածաշրջաններում։ Վիրուսի ախտանշանները՝ H1N1-ի, տևում են մի քանի ժամից մինչև 3 օր։ Հատկապես ակտիվ է առաջին փուլը, երբ անձը ախտանշաններ ունի, բայց, միևնույն է, գնում է աշխատանքի, հյուր, շփվում այլ մարդկանց հետ և տարածում վարակը»,- ասում է համաճարակաբանը։
Հարցին՝ իսկ արդյոք H1N1 վիրուսը հայտնի «խոզի գրի՞պն է», Խաչատրյանը մանրամասնում է՝ սա սեզոնային գրիպի տեսակ է, որը փոխանցվում է մարդուց մարդ, այլ ոչ թե խոզից մարդուն, ինչպես 2009 թվականի համավարակի դեպքում էր․ «H1N1 գրիպի ենթատեսակի հարուցիչը H1N1 վիրուսն է, որը 2009 թ-ին Մեքսիկայում «խոզի գրիպի» համաճարակի բռնկման պատճառ դարձավ։ 2010 թ-ին ԱՀԿ-ն հայտնեց համաճարակի ավարտի մասին, իսկ H1N1-ը վերածվեց սեզոնային գրիպ հարուցող շտամներից մեկի։ Երբ սկսվեց փոխանցվել մարդուց մարդ, ունեցանք ծանր և մահվան դեպքեր, և դրանից հետո այն դարձավ սեզոնային գրիպ»։
Վիրուսի կանխարգելման համար մասնագետները խորհուրդ են տալիս՝
- Պատվաստվել գրիպի դեմ, որը վիրուսի կանխարգելման արդյունավետ միջոցներից է և նվազեցնում է հիվանդանալու ծանր ընթացքը:
- Ձեռքերը հաճախակի ու մանրակրկիտ լվանալը, կամ եթե չկա լվացվելու հնարավորություն, սպիրտային հիմքով ախտահանող միջոցների օգտագործումը։
- Հազալու և փռշտալու ժամանակ բերանն անձեռոցիկով կամ արմունկով փակելը։ Դեմքին, հատկապես՝ աչքերին, քթին ու բերանին, դիպչելուց խուսափելը:
- Պարբերաբար ախտահանել այն մակերեսները, որոնց հաճախակի եք դիպչում, վիրուսի տարածումը կանխելու համար։ Մարդաշատ վայրերից, գրիպով հիվանդ մարդկանց հետ շփումից հնարավորինս խուսափելը։
H1N1-ի համար կա նաև հատուկ դեղամիջոց, որը տրվում է հիվանդներին նրանց տարիքին և հիվանդության ընթացքին համապատասխան։