Thursday, May 2, 2024
Նորություններ

Առաջին անգամ Հայաստանում «Արաբկիր» ԲՀ–ում կատարել են էպիլեպսիայի բուժման բարդ միջամտություն՝ ստերեոԷԷԳ

14 տարեկան Էրիկը, որը մանկուց ունի դեղորայքակայուն էպիլեպսիա, այժմ հնարավորություն ունի վերջնականապես ազատվելու ցնցումներից։ «Արաբկիր» բժշկական համալիրում նա ժամանակակից հետազոտություն է անցել։ Կատարել են ստերեոէնցեֆալոգրաֆիա։ Դա ախտորոշիչ, իսկ որոշ դեպքերում՝ բուժիչ մեթոդ է, որը հնարավորություն է տալիս ճշգրիտ հայտնաբերել էպիլեպսիայի օջախները գլխուղեղում։ Հայաստանում այն կատարվել է առաջին անգամ։

Ի տարբերություն սովորական էլեկտրաէնցեֆալոգրաֆիայի, ստերեոԷԷԳ–ն կատարվում է վիրահատական՝ քիչ ինվազիվ եղանակով։ Գլխուղեղի խորանիստ հատվածներում ստերեոտակտիկ համակարգի օգնությամբ տեղադրվում են հատուկ էլեկտրոդներ, որոնց միջոցով գրանցվում է Էպիլեպտիկ ակտիվությունը։

«ՍտերեոԷԷԳ–ն համարվում է հետազոտություն նախևառաջ, բայց հետազոտության արդյունքներից ելնելով հնարավոր է նաև կատարել քիչ ինվազիվ բուժում էպիլեպսիայի։

Տեղադրվում են էլեկտրոդներ, այնուհետև նյարդաբանական թիմը հետազոտում է բոլոր կոնտակտները, և համապատասխան օջախները հայտնաբերելու դեպքում կատարվում է քննարկում՝ կատարել արդյոք կոագուլյացիա, թե տվյալ հատվածի վիրաբուժական հեռացում», – ասում է «Արաբկիր» ԲՀ–ի նյարդավիրաբույժ Սևակ Բադալյանը։

Էրիկի դեպքը յուրահատուկ էր՝ նրան հետազոտել էին բոլոր հնարավոր եղանակներով, սակայն էպիլեպտոգեն օջախը որոշել չէր հաջողվում։ Ճշգրիտ ախտորոշման համար նրա գլխուղեղում այժմ 12 էլեկտրոդ են տեղադրել, և բժիշկները հետևում են երեխայի ուղեղի ակտիվությանը՝ հետագա բուժման ընթացքը որոշելու համար։ 

«Ինչի մենք որոշեցինք կատարել այս պացիենտին ստերեոէէգ, որովհետև կար կասկած, թե որտեղից է ծագում էպիլեպտիկ ակտիվությունը։ Էրիկը ուներ օջախ, տեսանելի ՄՌՏ–ի վրա, բայց Էրիկի նոպաների նկարագրությունը, վիդեոտեսագրությունը, ինչպես նաև ԷԷԳ–ն չէր համընկնում, և կասկած էր հուրուցում  կլինիցիստների մոտ, որ օջախը, որը ենթակա է հեռացման, դա չէ։

Եվ մենք որոշեցինք, բացի այդ օջախից նաև էլեկտրոդներ տեղադրել առաջային հատվածներում, որոնք ավելի կասկածելի էին թվում ցնցման կլինիկական պատկեր առաջացնելու մեջ։ Եվ անմիջապես երկրորդ օրը տեղադրումից հետո  մենք համոզվեցինք, որ մեր հիպոթեզը ճիշտ էր, որ այդ օջախը որևէ կապ չուներ Էրիկի էպիլեպսիայի հետ, և ցնցումները նույն կողմի բայց շատ ավելի առաջային հատվածներից են ծագում։ Ու դա մեզ հնարավորություն է տալիս ճշգրիտ պլանավորելու սպասվելիք վիրահատությունը», – ասում է «Արաբկիր» ԲՀ–ի Նյարդաբանության և էպիլեպտոլոգիայի ծառայության ղեկավար Բիայնա Սուխուդյանը։  

«Արաբկիր» բժշկական համալիրում առաջին ստերեոէնցեֆալոգրաֆիան կատարվել է բուլղարացի բժիշկների մասնակցությամբ։ Սոֆիայից մանկական նյարդաբան Պետյա Դիմովան ասում է. Բիայնա Սուխուդյանի և «Արաբկիր» ԲՀ–ի նյարդավիրաբուժական թիմի հետ համագործակցում են արդեն 15 տարի։

«Հրաշալի թիմ է։ Սա դեռ առաջին դեպքն է, բայց իրենք ամեն ինչ գիտեն, և կարող են վիրահատել ապագայում, և օգնել պացիենտներին Հայաստանում։ Այս հիվանդանոցը, ղեկավարությունը շատ բան է անում, որպեսզի հետազոտման և բուժման բոլոր ժամանակակից մեթոդները հասանելի լինեն Հայաստանի քաղաքացիներին, հատկապես՝ երեխաներին», – ասում է Բուլղարիայից մանկական  նյարդաբան Պետյա Դիմովան։

Բժիշկներն այժմ հետևում են երեխայի սպոնտան ցնցումներին, ինչպես նաև կատարում են հատուկ ստիմուլյացիա, որպեսզի ընտրեն այն կոնտակտները, որոնք պետք է ենթարկվեն աբլյացիայի։ Փոքր օջախների դեպքում աբլյացիայից հետո խնդիրը կարող է վերջնականապես լուծվել, բայց որպես կանոն դա միայն ժամանակավոր ազդեցություն է ունենում։ Հիվանդության վերջնական բուժման համար անհրաժեշտ է էպիլեպտոգեն օջախը հեռացնել վիրահատական եղանակով։

x Close

Like Us On Facebook