Friday, May 3, 2024
Նորություններ

Առողջապահական տեսչական մարմինը սկսել է զբաղվել Մասիսի լաբորատորիայով, որտեղ մեզի անալիզի փոխարեն թեյ էին հանձնել.tert.am

Առողջապահական տեսչական մարմնի ղեկավարի հրամանով իրականացվելու է ուսումնասիրություն, որն ավարտելուն պես ստացված տվյալները կվերլուծվեն և կներկայացվեն հանրությանը: Սկսելու են Մասիսից, որտեղից տեղեկություններ են ստացվել, որ հիվանդանոցի լաբորատորիա մեզի անալիզի փոխարեն թեյի գույն են հանձնել և պատասխաններ ստացել։  Չի բացառվում, որ այնուհետև պատկերին կծանոթանան հանրապետության մյուս մարզերում:

Tert.am-ին այս մասին հայտնեց նորաստեղծ Առողջապահական տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Գոհար Թալաջյանը:

«Քանի որ տեղեկատվությունը Մասիսին էր վերաբերում, սկսելու ենք այստեղից, մեր կանոնադրության ու լիազորությունների շրջանակում մեր ուսումնասիրությունը կանենք, մեր աշխատանքները հասցեական կլինեն, դրա հիման վրա մեր վերլուծությունը կանենք, կամփոփենք և անպայման առաջարկություններ կանենք մեր հետագա քայլերի հետ կապված, և չի բացառվում, որ անցնենք նաև մյուս մարզերին:

Բայց մենք պարտավոր ենք սկսել այն կետից, որտեղ որ բարձրաձայնված է խնդիրը»,-ասաց կենտրոնի ղեկավարի տեղակալը:

Գոհար Թալաջյանը պատասխանում էր հարցին, թե քանի որ չի բացառվում, որ ամբողջ հանրապետությունում նույն պատկերն է, ապա չե՞ն կարծում, որ մյուս շրջաններում ևս ստուգումների կարիք կա:

Հիշեցնենք, որ այս մարմինը Առողջապահության ու Սոցապ նախարարությունների ներկայացուցիչների հետ համատեղ՝ որպես վերակազմավորված և նախկինից ավելի բարձր մարմին, մի քանի ամիս է, որ գործում է:

Հիշեցնենք, որ երկու օր առաջ Արարատի մարզի Մասիսի բժշկական կենտրոնի հետ կապված մեծ սկանդալ հասունացավ, երբ պարզվեց, որ նույն հիվանդանոցի տնօրենը, ստուգելու համար իր աշխատողներին, նույն հիվանդանոցի լաբորատորիայում մեզի անալիզի փոխարեն թեյի գույն էր հանձնել և ստացել մեզի անալիզի պատասխան:

«Իմ արյունը հանձնել եմ մի քանի մարդկանց արյան փոխարեն, ստացել եմ տարբեր պատասխաններ: Թեյի գույնը մեզի անալիզի փոխարեն եմ հանձնել, ստացել եմ մեզի պատասխան, որում բոլոր կոմպոնենտները՝ լեյկոցիտները, էրիթրոցիտները և էպիթելերը հաշված գրել էին: Դրանք պրակտիկորեն չեն կարող թեյի գույնի մեջ լինել»,-ասել էր Ավանեսյանն ու հավելել, որ տվել են մոտավորապես պիելոնեֆրիտով հիվանդ մարդու հետազոտությունների արդյունք:

Հնարավո՞ր է, որ լաբորատորիաներում աշխատելու, ճշգրիտ ախտորոշումների համար թանկ նյութեր են անհրաժեշտ, որոնց համար գումարներ առողջապահական համակարգը չունի:
Գոհար Թալաջյանն այս հարցին ի պատասխան ասաց, որ ընդհանրական այս մասին չարժե խոսել: Նախ, պետք է հասկանալ՝ որ հետազոտության մասին է խոսքը, և, բացի այդ, յուրաքանչյուր կենսահեղուկի հետազոտություն ունի բազմաթիվ եղանակներ և տարբերակներ:

«Մենք պետք է գնանք, այնտեղ ոչ թե կոնկրետ մի մեթոդը ուսումնասիրենք, այլ ընդհանուր հասկանանք մոտեցումները: Հասկանանք՝ իրենք այդ ծառայությունն իրականացնելու համար ունե՞ն համապատասխան պայմանները՝ այն նորմերով, որոնք մեր իրավասության շրջանակում են»,-հավելեց Գոհար Թալաջյանը:

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook