Saturday, May 4, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Ինչով կարող է պայմանավորված լինել քրտինքի տհաճ հոտը և որ դեպքերում է հարկավոր դիմել բժշկին

Քրտինքի տհաճ հոտը կարող է բավական լուրջ խնդիր դառնալ յուրաքանչյուրի համար՝ առաջացնելով տհաճ զգացողություններ ու դառնալով բարդույթների զարգացման պատճառ։ Նման տհաճ խնդիրը կարող է պայմանավորված լինել ինչպես սխալ հագուստի ընտրությամբ կամ որոշակի սննդամթերքի գործածությամբ, այնպես էլ մի շարք առողջական խնդիրներով, ուստի այն ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել։

Սուր տհաճ հոտով քրտինքի խնդրից ազատվելու համար առաջին հերթին հարկավոր է պարզել դրա պատճառն ու ազատվել նախ դրանից, ուստի մաշկաբան Գրիգորի Գոլդինը ներկայացրել է՝ ինչը կարող է դառնալ քրտինքի տհաճ հոտի պատճառ և որ դեպքերում է հարկավոր դիմել բժշկին։

Ինչով է պայմանավորված քրտինքի տհաճ հոտը

Մասնագետի խոսքով՝ թևատակերում քրտինքի արտազատումը շատ կարևոր գործընթաց է օրգանիզմի համար, քանի որ օգնում է կարգավորել մարմնի ջերմաստիճանը․ նյարդերն ակտիվացնում են քրտնագեղձերն ի պատասխան շոգ եղանակին, սթրեսին կամ ֆիզիկական ակտիվությունը, ինչն էլ օգնում է հովանալ։

Քրտինքը, որպես այդպիսին, հոտ չունի, սակայն կարող է բավական տհաճ հոտ ստանալ, երբ տարրալուծվում է մաշկին գտնվող բակտերիաների կողմից։ Գոյություն ունի քրտնագեղձերի երկու տեսակ՝ էկրինային ու ապոկրինային, որոնք գտնվում են մարմնի տարբեր հատվածներում և տարբեր գործառույթներ են կատարում։ Էկրինային գեղձերը տարածված են ամբողջ մարմնով մեկ և սովորաբար արտազատում են թափանցիկ, անհոտ հեղուկ, որը շատ արագ գոլորշիանում է մաշկի մակերևույթից։ Ապոկրինային գեղձերը գտնվում են մարմնի մազածածկ հատվածներում, ուստի երբ դրանք ակտիվանում են, քրտինքը խառնվում է բակտերիաներին ու տհաճ հոտ է արձակում։ Ինչպես նշում է մասնագետը, համարվում է, որ ապոկրինային գեղձերն առաջին հերթին պատասխանատու են սթրեսով պայմանավորված առատ քրտնարտադրության համար։

Երբ է քրտնարտադրությունն ակտիվանում

Որոշ դեպքերում նյարդերն ու քրտնագեղձերը նորմայից շատ են խթանվում, ինչի հետևանքով նորմայից շատ քրտինք է արտազատվում։ Նման խանգարումը կոչվում է հիպերհիդրոզ, իսկ դրա նկատմամբ հակվածությունը սովորաբար գենետիկ բնույթ է կրում, սակայն լինում են դեպքեր, երբ առատ քրտնարտադրությունը պայմանավորված է լինում որոշակի դեղորայքի ընդունմամբ կամ հորմոնալ փոփոխություններով, ուստի խնդիրը որոշ չափով վերահսկելի է լինում։

Ինչով է պայմանավորված քրտինքի՝ սովորականից ավելի տհաճ հոտը

Որոշ դեպքերում թևատակերի հատվածում քրտինքն անսպասելի ավելի տհաճ հոտ է ստանում, ինչը կարող է պայմանավորված լինել մի շարք պատճառներով, այդ թվում նաև առողջական որոշ խնդիրներով։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այդ պատճառներից մի քանիսը, որոնք ոչ մի դեպքում չի կարելի անտեսել։

Սննդակարգի փոփոխություն․ սննդամթերքի որոշ տեսակներ պարունակում են միացություններ, որոնք մարդու մարմինը չի կարող ամբողջությամբ տարրալուծել։ Մետաբոլիկ գործընթացների դեպքում արտազատվում են թռչող միացություններ, որոնք հետագայում գոլորշիանում են՝ արձակելով տհաճ հոտ։

Սթրեսի բարձր մակարդակ․ սաստիկ լարվածությունն ու սթրեսը խթանում են ապոկրինային գեղձերի ակտիվությունը, ինչի հետևանքով ակտիվանում է քրտնարտադրությունն այն հատվածներում, որտեղ քրտինքը շատ արագ է տհաճ հոտ ստանում առկա բակտերիաների պատճառով։

Որոշակի հիվանդությունների առկայություն․ գոյություն ունի մի գենետիկ հիվանդություն՝ տրիմեթիլամինուրիան, որը թույլ չի տալիս օրգանիզմին տարրալուծել ձկան, սոյայի և խաչածաղկավոր բանջարեղենի մեջ պարունակվող միացությունները, ինչն էլ հանգեցնում է տհաճ ձնային հոտի առաջացման։ Քրտինքի տհաճ հոտի պատճառ կարող են դառնալ նաև մի շարք այլ հիվանդությունները, որոնց շարքին են դասվում երիկամային անբավարարությունը, լյարդի հիվանդություններն ու շաքարային դիաբետը։

Որ դեպքերում է հարկավոր դիմել բժշկին

Մաշկաբանի կարծիքով՝ բուժզննում հարկավոր է անցնել թեևատակերի հոտի անսպասելի փոփոխության դեպքում, երբ խնդիրը պայմանավորված չէ կենսակերպի փոփոխություններով, սննդակարգի փոփոխություններով կամ սթրեսով։ Նման դեպքերում խնդիրը կարող է պայմանավորված լինել չախտորոշված որևէ հիվանդությամբ կամ հորմոնալ փոփոխությամբ, ինչը ևս կարող է պաթոլոգիկ բնույթ կրել։ Նման դեպքերում հարկավոր է անպայման դիմել մասնագետին ու բուժզննում անցնել հնարավոր պատճառը պարզելու և անհրաժեշտության դեպքում դրա կարգավորմանն ուղղված միջոցներ ձեռնարկելու համար։

Նյութի աղբյուրը՝ madikforum.ru

Leave a Reply

x Close

Like Us On Facebook