Friday, May 3, 2024
Նորություններ

Միֆ է, թե բիոպսիան ուռուցքը գրգռում է. հենց բիոպսիայի շնորհիվ է ճիշտ ախտորոշվում հիվանդությունը. հարցազրույց

Բժշկական հետազոտությամբ ուռուցք հայտնաբերելուց հետո բժիշկները հաճախ բիոպսիա՝ ձեւաբանական հետազոտություն են նշանակում, որպեսզի պարզեն, ժողովրդական լեզվով ասած՝ ուռուցքի որակը։ Հիվանդներն էլ հաճախ վախենում են կամ խուսափում բիոպսիայից՝ տրվելով կարծրատիպերին, թե բիոպսիան ուռուցքն է՛լ ավելի կգրգռի։ Բժիշկները հավաստիացնում են՝ բիոպսիան չի կարող գրգռել ուռուցքը, հակառակը, այն օգնում է ճիշտ ախտորոշում դնել։

Նշենք, որ «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքի համաձայն՝ կենդանության օրոք մարդու մարմնից հեռացված ցանկացած օրգան, հյուսվածք կամ հեղուկ ենթակա է պարտադիր ձեւաբանական հետազոտության՝ ախտորոշման ճշգրտման, հաստատման, բուժման արդյունավետության գնահատման նպատակով:

Ձեւաբանական հետազոտության անհրաժեշտության, կարեւորության եւ դրա վերաբերյալ ամենատարածված միֆերի մասին ենք զրուցել Միքայելյան համալսարանական հիվանդանոցի Պաթանատոմիական կլինիկայի բաժնի վարիչ, Երեւանի պետական բժշկական համալսարանի Ախտաբանական անատոմիայի եւ կլինիկական մորֆոլոգիայի ամբիոնի բ.գ.թ., դոցենտ Անդրեյ Պապյանի հետ։ – Ի՞նչ է ձեւաբանական հետազոտությունը: – Ձեւաբանական հետազոտությունն իրենից ներկայացնում է մարդու օրգանիզմից վերցրած հեղուկների, օրգանի ամբողջական կամ մասնակի հեռացված կտորների, հյուսվածքների ուսումնասիրություն՝ հիմնականում լուսային մանրադիտման եղանակով, ընդ որում՝ հետազոտությանը ենթարկվող հյուսվածքների չափը եւ քանակը կախված է ստացման եղանակից: Հյուսվածքի ստացումը իրականացվում է կամ վիրահատության ընթացքում, կամ այլ ախտորոշիչ, լապարոսկոպիկ, էնդոսկոպիկ հետազոտություններով, որը եւ ընդունված է անվանել «բիոպսիա», որը հունարենից թարգմանած նշանակում է կյանքի դիտում մանրադիտակի օգնությամբ: Բուն ձեւաբանական հետազոտությունը հիմնականում իրականացվում է մանրադիտման երկու եղանակով՝ բջջաբանական, բժիշկ-բջջաբանի կողմից ուսումնասիրվում են հեղուկները եւ հյուսվածքի փոքր, 0,5 սմ-ից պակաս նմուշները եւ հյուսվածաբանական՝ բժիշկ-ախտաբանի կողմից՝ 0,5 սմ եւ մեծ կտորները։ Քանի որ հենց հյուսվածաբանական հետազոտությունն է աշխարհում ընդունված որպես ախտորոշման ոսկի ստանդարտ, այստեղ ես խոսելու եմ հենց հյուսվածաբանական հետազոտության մասին։

https://www.aravot.am/

Leave a Reply

x Close

Like Us On Facebook