Saturday, May 4, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Լուսավոր սենյակում քնելը վատթարացնում Է սրտի առողջությունը

Հյուսիսարևմտյան համալսարանի Ֆեյնբերգ բժշկական դպրոցի (Չիկագո, ԱՄՆ) գիտնականների հետազոտությունը հաստատել է այն վարկածը, որ լուսավոր սենյակում (նույնիսկ թույլ լուսավորությամբ) քնելը վնասակար է սրտանոթային համակարգի համար։ Ընդ որում էական չէ լույսը ցերեկային է, թե օրինակ, հեռուստացույցի կամ գիշերային լամպի։ Նման պայմաններում անցկացրած նույնիսկ միայն մեկ գիշերը մեծացնում է սրտի կծկումների հաճախությունը գիշերային ժամերին և ինսուլինի դիմադրությունը առավոտյան, ինչն իր հերթին հանգեցնում է շաքարախտի և նյութափոխանակության խանգարումների զարգացմանը:

Հետազոտությանը մասնակցել են 20 առողջ երիտասարդներ, որոնց բաժանել են երկու խմբի։ Մի խումբը երկու գիշեր անընդմեջ անցկացրել է 3 լյուքսից պակաս լուսավորության պայմաներում, երկրորդ խումբը մեկ գիշեր անցկացրել է նույն պայմաններում, իսկ երկրորդ գիշերը՝ 100 լյուքսի պայմաններում։ Երկրորդ խմբի մասնակիցների մոտ ավելի պայծառ լույսի ազդեցության տակ քնի ժամանակ անոթազարկի հաճախությունը բարձրացել էր: Սա նշանակում է, որ վեգետատիվ նյարդային համակարգը ակտիվություն է ցուցաբերում, իսկ սրտի վրա նման ծանրաբեռնվածությունը երկարաժամկետ հեռանկարում հանգեցնում է սրտանոթային խնդիրների առաջացմանը:

Չնայած սրտանոթային նյութափոխանակության փոփոխությունները նշանակալի էին, մասնակիցները չէին դժգոհում տարբեր լուսավորության պայմաններում քնի որակի զգալի տարբերություններից: Նույնիսկ մելատոնինի («քնի» հորմոն) արտազատման մեջ զգալի տարբերություններ չէին հայտնաբերվել։

Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ գիշերային լույսի ազդեցությունը կարող է հանգեցնել ֆիզիոլոգիական փոփոխությունների, որոնք սուբյեկտիվորեն անմիջապես նկատելի չեն: Գիտնականները խորհուրդ են տալիս որպես գիշերային լույսի աղբյուր օգտագործել հնարավորինս թույլ լուսավորություն, որը տեսադաշտից ցածր կլինի, օրինակ՝ հատակին: Նաև խորհուրդ է տրվում խուսափել սպիտակ կամ կապույտ լույսերից, քանի որ դրանք ավելի ուժեղ խթանող ազդեցություն ունեն: Եվ ի վերջո այն հարցին, թե ինչպես իմանալ, արդյոք սենյակը բավականաչափ մութ է քնելու համար, գիտնականները պատասխանում են՝ եթե մարդը կարողանում է բավականաչափ հստակ տեսնել իրերը, ապա սենյակը չափազանց լուսավոր է։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook