Thursday, May 2, 2024
ՀիվանդություններՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման փուլում բուժառուների մոտ ապրելիությունը հասնում է 90 տոկոսի

Վերջին տարիներին քաղցկեղը դարձել է դարի հիվանդություն: Ցավոք, խնդրի տարածվածությունը բավականին մեծացել է և այսօր արդեն գոյություն ունեն քաղցկեղի մի շարք տեսակներ: Կոլոռեկտալ քաղցկեղը սկսվում է այն ժամանակ, երբ հաստ կամ ուղիղ աղիքի պատի առողջ բջիջները վերափոխվում են և սկսում են աճել առանց վերահսկողության. հաստ աղու պոլիպներից՝ բարորակ գոյացություններից վերածվելով չարորակի: Կոլոռեկտալ քաղցկեղն ըստ հանդիպման հաճախականության, քաղցկեղի  բոլոր տեսակների մեջ զբաղեցնում է երրորդ տեղը: Նման զարգացումներից խուսափելու համար բուժառուները պետք է ճիշտ ժամանակին դիմեն բժշկի և  պարբերաբար հետազոտվեն:

«Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական հաղորդման  շրջանակում, անդրադառնալով կոլոռեկտալ քաղցկեղին, Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունքի էնդոսկոպիստ Վլադիմիր Նահապետյանը նշեց, որ ըստ վիճակագրության ամեն տարի ամբողջ աշխարհում 1 միլիոն  նոր դեպք է արձանագրվում. ունենում են մոտ 500 հազար մահացության դեպք:

«Կոլոռեկտալ քաղցկեղը աշխարհում 3-րդ ամենատարածված քաղցկեղն է մեծահասակների մոտ: Հայաստանի Հանրապետությունում այն նույնպես բավականին տարածված է: Վերջին 10 տարվա ցուցանիշների վերլուծությունը ցույց է տալիս կոլոռեկտալ քաղցկեղով հիվանդացության որոշակի աճի միտում՝ 2009 թվականի համեմատ 2019 թվականին նոր դեպքերի թիվը մոտ 100-ով ավելի է։ Վաղ հայտնաբերման դեպքում կոլոռեկտալ քաղցկեղը կարող է լիարժեք բուժվել: 5-ամյա ապրելիությունը միջինում կազմում է մոտ 64%, իսկ վաղ հայտնաբերման դեպքում այն հասնում է 90%-ի»,-ասաց մասնագետը:

Բժիշկ Նահապետյանն անդրադառնալով այն հարցին, թե ի՞նչը կարող է առաջացնել կոլոռեկտար քաղցկեղ, ընդգծեց, որ տարբեր գործոններ կարող են բերել քաղցկեղի տարբեր տեսակների առաջացման: Հետազոտություններն այս ուղղությամբ շարունակվում են, չնայած, որ չկա որևէ ապացուցված ճանապարհ այս հիվանդությունը լիովին կանխարգելելու համար, բայց հնարավոր է իջեցնել հիվանդանալու ռիսկը:

Մասնագետը խորհուրդ տվեց հետևել սննդակարգին: Մրգերով ու բանջարեղենով հարուստ և առողջ սննդակարգն,  առողջ ապրելակերպը կարող է օգնել իջեցնել կոլոռեկտալ քաղցկեղի ռիսկը:

Նա նշեց, որ կոլոռեկտալ քաղցկեղի բուժման ավարտից հետո հիվանդի խնամքը չի ավարտվում: Հիմնական բուժումն ավարտելուց հետո հիվանդը կարիք ունի երկարատև խնամքի և կանոնավոր բժշկական հետազոտությունների: Բացի այդ, իրականացվում են կանոնավոր հետազոտություններ քաղցկեղի կրկնողությունը բացառելու կամ այն վաղ հայտնաբերելու համար: Քաղցկեղի հայտնաբերման նպատակով սքրինինգն իրականացվում է մինչև նախանշանների և ախտանշանների ի հայտ գալը:

էնդոսկոպիստ Վլադիմիր Նահապետյանը նշում է, որ քաղցկեղի սքրինինգը կարևոր դեր ունի, դրա ընդհանուր նպատակն է նվազեցնել մահացող մարդկանց թիվը կամ վերացնել քաղցկեղից մահացությունն ընդհանրապես, ինչպես նաև հիվանդությամբ տառապողների քանակը:

Ինչպիսի՞ ախտանշաններ ունի կոլոռեկտալ քաղցկեղը, ինչպիսի՞ տարածվածություն ունի, բուժման ի՞նչ նոր մեթոդներ է առաջարկում այսօր բժշկությունը:

Այս հարցերի պատասխանները ստանալու և մասնագետի  կողմից առաջարկվող լուծումներին  ավելի մանրամասն ծանոթանալու համար առաջարկում ենք լսել փոդքաստը:

Գայանե Գաբոյան

Leave a Reply

x Close

Like Us On Facebook