Saturday, May 4, 2024
ՀիվանդություններՆորություններ

Կրոնի հիվանդության ախտանշանները, ախտորոշումն ու բուժումը

Կրոնի հիվանդությունը վիճակ է, որն այտուց կամ բորբոքում է առաջացնում մարսողական համակարգի որևէ հատվածում, ավելի հաճախ՝ բարակ կամ հաստ աղիքի շրջանում։ Կրոնի հիվանդությունն ու խոցային կոլիտը մտնում են աղիների բորբոքային հիվանդությունների խմբի մեջ։ Կրոնի հիվանդությունը բուժող դեղամիջոց գոյություն չունի, բայց կան որոշակի բուժման եղանակներ, որոնք կարող են թեթևացնել հիվանդության ախտանշանները՝ մարդուն լիարժեք կյանքով ապրելու հնարավորություն տալով։ Կրոնի հիվանդության ախտանշանները Կրոնի հիվանդություն ունեցող մարդիկ կարող են սուր ախտանշաններ ունենալ, որոնց կարող են հաջորդել անախտանիշ շաբաթները կամ անգամ տարիները։ Ախտանշանները կախված են հիվանդության բարդությունից ու տեղակայումից։ Ցավոք, վաղ ախտանշանները հաճախ են շփոթում այլ հիվանդության հետ։ Հիվանդության նախանշաններն են՝ հաճախակի փորլուծությունը, որովայնի ցավը, քաշի անբացատրելի կորուստը, կղանքում  արյան հետքերը։ Կրոնի հիվանդության զարգացմանը զուգահեռ դրսևորվում են նաև հետևյալ ախտանշանները՝
սրտխառնոց,

հոգնածություն,

հոդացավ,

բարձր ջերմություն,

երկարատև փորլուծություն, հաճախ արյան, լորձի կամ թարախի հետքերով,

քաշի կորուստ,

բերանի խոցեր։

Կրոնի հիվանդութան տեսակները

Այս հիվանդության մի քանի տարատեսակներ կան՝ կախված, թե մարսողական համակարգի որ հատվածն է ախտահարված։ Իլեոկոլիտ․ Կրոնի հիվանդության առավել տարածված տեսակներից մեկն է, որն ախտահարում է հաստ աղիքն ու բարակ աղու վերջնամասը։ Կրոնի կոլիտ կամ գրանուլեմատոզ կոլիտ, որն ախտահարում է միայն հաստ աղիքը։ Կրոնի գաստրոդուոդենալ հիվանդություն, որն ախտահարում է ստամոքսն ու բարակ աղիքի սկզբնամասը։ Իլեիտն ախտահարում է զստաղիքը։ Հիվանդության տարատեսակներից մեկն էլ բորբոքային օջախներ է առաջացնում բարակ աղիքի վերին հատվածում։

Կրոնի հիվանդության պատճառները

Բժիշկներին լիովին հայտնի չէ, թե ինչն է այս հիվանդության հստակ պատճառը։ Շատերն այն աուտոիմունային հիվանդություն են համարում։ Հետազոտությունները ցույց են տվել, որ երկարատև բորբոքումն առաջանում է ոչ թե այն պատճառով, որ մարդու իմունային համակարգը գրոհում է սեփական օրգանիզմը, այլ որ գրոհում է աղիներում գտնվող անվնաս վիրուսի, մանրէի կամ որևէ սննդատեսակի վրա։ Այս հիվանդությունը վարակիչ չէ և կապվում է ռիսկի հետևյալ գործոնների հետ՝ Գեներ․ Կրոնի հիվանդությունը հաճախ է ժառանգաբար փոխանցվում։ Այդ հիվանդությամբ տառապող մարդկանց մոտ 20 տոկոսը Կրոնի հիվանդություն կամ խոցային կոլիտ ունեցող մոտ հարազատներ ունեն։ Տարիք․ Թեև հիվանդությունը կարող է ախտահարել ցանկացած տարիքի մարդուն, այն հիմնականում հանդիպում է երիտասարդների շրջանում։ Շատերի մոտ հիվանդությունն ախտորոշվում է մինչև 30 տարեկանը։ Ծխելը ռիսկի գործոններից մեկն է, որը կարող է վատթարացնել հիվանդության ախտանշանները՝ մեծացնելով վիրահատական միջամտության անհրաժեշտությունը։ Դեղորայք․ Ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցները Կրոնի հիվանդություն չեն առաջացնում, բայց կարող են վատթարացնել բորբոքային վիճակը։ Բնակավայր․ Քաղաքներում և արդյունաբերական զարգացած երկրներում Կրոնի հիվանդությունն ավելի տարածված է։ Սննդակարգ․ Ճարպոտ ու վերամշակված սնունդը նպաստում է բորբոքման զարգացմանը։ Վարակիչ հիվանդություններ․ Mycobacterium aviumparatuberculosis և Escherichia coli բակտերիաները ևս կապվում են այս հիվանդության հետ։

Կրոնի հիվանդության ախտորոշումը

Հիվանդի գանգատները լսելուց և հիվանդության պատմությունն ուսումնասիրելուց հետո բժիշկը կարող է որոշ անալիզներ պահանջել, այդ թվում՝ արյան ընդհանուր անալիզ և կղանքի հետազոտություններ։ Պատկերային թեստերը ևս կօգնեն հասկանալ հիվանդության բնույթը․ դրանք ներառում են ՄՌՏ, համակարգչային տոմոգրաֆիա, կոլոնոսկոպիա, պատիճային էնդոսկոպիա, փուչիկի օգնությամբ էնտերոսկոպիա հետազոտությունները։ Բուժումը Կրոնի հիվանդությունը, որպես այդպիսին, բուժում չունի, իսկ ախտանշանների թեթևացմանն ուղղված թերապիան հիմնականում կախված է տվյալ հիվանդի օրգանիզմի առանձնահատկություններից ու հիվանդության բարդությունից։ Հիվանդության բուժումը հիմնականում իրականացվում է դողորայքի միջոցով՝ ներառելով հակաբորբոքային դեղամիջոցները, կորտիկոստերոիդները, իմունային համակարգը ճնշող դեղորայքը, հակաբիոտիկները, հակալուծային միջոցները, ցավազրկողները, սննդային հավելումները։ Ծանուցում․ նյութն ընդհանուր տեղեկատվական բնույթի է և չի կարող ծառայել որպես հիմք ախտորոշման համար։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook