Monday, May 6, 2024
ՀիվանդություններՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Հայաստանը կարող է հավակնել տարածաշրջանային կենտրոնի ստեղծման

Այն շատ կարեւոր բազա ու հիմք կդառնա բժշկական տուրիզմի զարգացման համար:

Վերջին տասնամյակում մարզային շատ հիվանդանոցներ, բժշկական այլ հաստատություններ համալրվել են անհրաժեշտ սարքավորումներով, սակայն դրանց առկայությունն ամենեւին էլ մասնագիտական բարձր մակարդակ չի նշանակում: Այո, պետությունը շատ ներդրումներ է արել՝ համապատասխան բժշկական սարքավորումներ գնելու համար, սակայն շատ կարեւոր է նաեւ մասնագետների դերը, որոնցից է կախված առկա տեղեկատվության գնահատումը եւ ճիշտ վերլուծությունը:

«Իզմիրլյան» ԲԿ վիրաբույժ, Առողջապահության ազգային ինստիտուտի վիրաբուժության ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Խաչատուր Բադալյանը կարծում է, որ ժամանակակից բժշկության մեջ մեծ ու արագ զարգացող ուղղություն կա՝ հեռաբժշկական համակարգը, որը Հայաստանում հեռանկարի տեսանկյունից զարգանալու մեծ հնարավորություն ունի: Այդ համակարգի կիրառումը կնպաստի մարզային բժիշկների մասնագիտական աճին:

-Հեռաբժշկական համակարգ ներդնելիս անհրաժեշտ է մարզային բժշկական հաստատությունները կապել կենտրոնական կլինիկաների հետ,- «ՀՀ»-ի թղթակցին ասաց նա:- Բժշկական այդ կառույցները պետք է բաժանել որոշակի կլինիկաների եւ որոշակի պաթոլոգիաների գծով եւ հեռաբժշկական մեթոդներով: Ցանկացած պաթոլոգիա, ցանկացած բուժման հարց պետք է քննարկվի առաջատար մասնագետների հետ: Եվ այդ ամենը պետք է հասցնել այնպիսի մակարդակի, որ կարելի լինի մարզերում նույնպես բարձր մակարդակի բժշկություն ապահովել:

Հեռավար բժշկության ոլորտում ներդրումներ կատարվո՞ւմ են:

-Հեռավար բժշկության համակարգում վերջին տարիներին համաշխարհային բժշկության մեջ ներդրումների քանակը մոտավորապես երկրաչափական աճ է արձանագրում, եւ եթե չեմ սխալվում, ներդրումներն արդեն հարյուրավոր միլիարդներ են կազմում, որովհետեւ հեռավար բժշկությունը համավարակի պայմաններում շատ մեծ արդյունավետություն ունի, քանի որ մարդու ներկայությունը բժշկական հիմնարկում պարտադիր չէ: Կարելի է, ունենալով որոշակի գաջեթներ, որոնք տեղեկատվություն են պարունակում, տրամադրել դրանք, որոնք կքննարկվեն կենտրոնական առաջատար մասնագիտացված հիմնարկների մասնագետների հետ, եւ անհրաժեշտություն չի առաջանա անընդհատ այցելել հիվանդանոց:

-Ստացվում է, որ այդ համակարգի ներդրման միջոցով մարզային հիվանդներն անհրաժեշտ բուժումը կարող են ստանալ հենց մարզերում՝ ստիպված չլինելով այցելել Երեւան, բայց միեւնույն ժամանակ ստանալով հենց երեւանյան մասնագետների կարծիքը, վերլուծությունն ու բուժման միջոցները:
-Այո, այդ ամենը կարելի է կազմակերպել տեղում: Սա միաժամանակ պայմաններ է ստեղծում մարզային բժիշկների մասնագիտական բարձրացման համար, երբ մարզային հիմնարկի հիվանդի բուժման գործընթացն առաջատար կլինիկայի մասնագետի օգնությամբ կատարվում է տեղում, մարզային մասնագետը, ստանալով մասնագիտական փորձ ու անցնելով համապատասխան փուլեր, դառնում է մասնագետ եւ ինքնուրույն է կարողանում բարձր մակարդակով բուժել: Իսկ քանի որ մարզային բժիշկներն այսօր հիվանդին ուղարկում են Երեւան՝ առանց հետեւելու, թե ինչպես է իրականացվում բուժման գործընթացը, զարգացման մասին հնարավոր չէ խոսել: Նրանց համար մասնագիտական աճը հիմա կապված է միայն Երեւան տեղափոխվելու ու առաջատար կլինիկաներում աշխատելու հնարավորության հետ: Որպես օնկոլոգ՝ ես բուժումը չեմ ավարտում վիրահատությամբ կամ քիմիաթերապիայի կուրսով: Հիվանդը երկարատեւ հետազոտման կարիք ունի՝ 3 ամիսը մեկ, 4 ամիսը մեկ կամ 6 ամիսը մեկ անգամ: Հեռավար բժշկության միջոցով մարզային բժիշկը հնարավորություն ունի հետեւելու նաեւ այս գործընթացին: Իմ կարծիքով՝ եթե այս ուղղությունը մի քիչ մանրամասն ծրագրավորվի, Հայաստանի պես փոքր երկրում դա հնարավոր է շատ ավելի հեշտ ու օպերատիվ կազմակերպել ու արդյունավետ ծառայություն մատուցել:

-Երբ խոսում ենք մասնագետների կայացման մասին, ակամա մտածում ենք նաեւ բժշկական ուսումնական հաստատությունների, առաջին հերթին՝ Երեւանի պետական բժշկական համալսարանի մասին: Գիտեմ, որ դասախոսական աշխատանքի մեծ փորձ ունեք, ուստի կխնդրեի պատասխանել, թե արդյոք հայաստանյան բուհական գիտելիքները համապատասխանո՞ւմ են այն չափորոշիչներին, որոնք այսօր կիրառվում են համաշխարհային բժշկության մեջ:

-Եթե խոսքը մասնագետի ուսուցման կամ մասնագետի ձեւավորման փուլի մասին է, անհրաժեշտ է փաստել, որ բժշկական համալսարանի աշխատանքի ոճը, ձեւը ու շատ այլ հարցեր հեռու են ժամանակակից բժշկության պահանջներից: Այո, կարելի է ասել, որ, դասախոսական գործունեություն իրականացնելով բժշկական համալսարանում, ես տեսել եմ իրական վիճակը: Բժշկական ուսման գործընթացը պետք է լինի պրակտիկային համապատասխան եւ պրակտիկայի հետ համաքայլ: Հիվանդի նկատմամբ վերաբերմունքը, հիվանդի եւ հիվանդատիրոջ հետ շփվելու ձեւն ու մոտեցումը բժշկի մեջ պետք է ձեւավորվեն առաջին կուրսից: Շատ կարեւոր է, որ դա ուսանողի՝ ապագա բժշկի մոտ ձեւավորվի հենց սկզբից: Դրա օգնությամբ մարդը հասկանում է, որ սիրում է հիվանդին եւ իր մասնագիտությունը, ճիշտ է գնահատում այն: Իսկ պրակտիկան ցույց է տալիս, որ ապագա բժիշկն ընդհանրապես հիվանդի հետ գործ չունի: Տարածված է ձեւական պրակտիկան, որ անցնում են տարին մեկ կամ երկու անգամ: Այդ պատճառով բուհն ավարտելուց հետո մասնագիտական գիտելիքներ չունեն՝ արդեն կոնկրետ գործունեության անցնելու համար: Չունեն գիտելիքներ, չունեն պրակտիկ փորձ: Իսկ եթե, սկսած առաջին կուրսից, ուսանողը մասնակցում է քույրական գործունեությանը, ընդհանրապես՝ բոլոր գործերին, սկսած մայրապետի աշխատանքից, աստիճանաբար մասնագիտական հմտություններ է ձեռք բերում: Իսկ հետո դառնում է պրոֆեսիոնալ դաշտում հսկայական փորձ եւ գիտելիքներ կուտակած այս կամ այն բժշկի ժառանգորդ սանը, մարդ, ում սիրով կփոխանցվի ողջ տեղեկատվությունը: Անձամբ ես, որպես փորձ ունեցող օնկոլոգ, կուզենայի ունենալ իմ հետեւորդներին, որոնց կսովորեցնեմ իմ իմացածը: Գործը հարատեւ է, այն չի կարող ավարտվել մեզանից յուրաքանչյուրի հետ: Կուտակված գիտելիքները պետք է փոխանցվեն հաջորդ սերնդին, եւ սա պետք է շարունակական գործընթաց լինի: Ես տեսնում եմ, որ օնկոլոգիան երկար ժամանակահատվածի ընթացքում դոփում է տեղում, ժամանակակից օնկոլոգիան մեր ամենացավոտ տեղն է: Բայց մենք այլ իրավիճակ ունենալու հնարավորություններ ունենք եւ կարող ենք շատ հարցերում համաքայլ ընթանալ առաջատար երկրների հետ:

-Միայն բարձր մակարդակի մատչելի բժշկությունը կարող է բժշկական զբոսաշրջության զարգացման պատճառ լինել…

-Որպես անկախ պետություն՝ պետք է մտածենք, թե որ ուղղությունները հեռանկար ունեն, այսինքն՝ ապագա ունեն զարգացման տեսակետից: Օրինակ՝ ժամանակակից բժշկության տարածաշրջանային կենտրոնի հիմնադրումը շատ կարեւոր բազա ու հիմք կդառնա բժշկական տուրիզմի զարգացման համար: Այս պահին դա հեռավոր երազանք է թվում, մինչդեռ տրամադրվածության ու ճիշտ աշխատանքի դեպքում միանգամայն իրատեսական նպատակ է: Գիտական ներուժի տեսանկյունից ի վիճակի ենք նման նախագծի հավակնություններ ունենալ: Հայկական տարածաշրջանային բժշկական կենտրոնը, ներգրավելով հայկական ու համաշխարհային բժշկության փորձը կուտակած հայ մասնագետներին, ապագա կունենա: Ես մեծ հույսերով տեղափոխվեցի Հայաստան հենց այդ նպատակով: Ուզում եմ բժշկական հիմնարկ ստեղծել, որը կարող է բազա լինել: Ռուսաստանից ինձ մոտ հաճախ են գալիս բուժման նպատակով, բայց այդպիսի վերաբերմունք պետք է լինի ոչ թե անհատի, այլ բժշկական հիմնարկի նկատմամբ: Մեր հայրենակիցները, ովքեր ապրում են արտասահմանում, ինչպես նաեւ այլ երկրների քաղաքացիներ, իմանալով, որ այստեղ բուժվելը մասնագիտական առումով ավելի ցանկալի է ու ավելի մատչելի, կընտրեն հենց Հայաստանը: Այս ամենը հնարավորություն կտա զարգացնել բժշկական տուրիզմը: Իսրայելը, որը զարգանում է, հարյուրավոր միլիարդների ֆինանսական շրջանառություն ունի միայն բժշկական տուրիզմի ուղղությամբ: Իսկ Հայաստանի բժշկությունն այսօր ինչ հույսեր, հեռանկարներ կարող է ունենալ, եթե շարունակվի ոչ հետեւողական եւ ոչ համակարգային մոտեցումների կիրառումը: Կա ստոմատոլոգիա, կա կոսմետոլոգիա, պլաստիկ վիրաբուժություն, որն անհատների էնտուզիազմի հաշվին զարգանում է, բայց բժշկությունը, որպես ծառայություն, անհատական նախաձեռնության փուլից անցում պետք է կատարի դեպի ժամանակակից սարքավորումներով համալրված հիմնարկների հիմնադրում: Դա պետք է լինի բժշկական տուրիզմի զարգացման հիմքը:

Read more at: hhpress.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook