Wednesday, May 1, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Հինգ ախտանշան, որոնք հուշում են գերհոգնածության ու հուզական հյուծվածության մասին

Գերհոգնածությունը բավական տարածված խնդիր է, որը, սակայն, հաճախ անուշադրության է մատնվում։ Որպես կանոն այս խնդրի ախտանշանները մարդիկ վերագրում են հասարակ հոգնածությանը և փորձում են ազատվել դրանցից հանգստի միջոցով, սակայն մասնագետները նախազգուշացնում են, որ հուզական հյուծվածությունն ու հասարակ հոգնածությունն էապես տարբերվում են, ուստի նման դեպքերում հասարակ հանգիստը կարող է բավարար չլինել խնդիրը հաղթահարելու համար։

Ժամանակակից կյանքի պայմաններում հոգնածությունը բոլորին ծանոթ խնդիր է դարձել, որից ազատվելու համար օրգանիզմն իրականում ունի բավականաչափ ռեսուրս։ Նման դեպքերում հասարակ հանգիստն ու առողջ քունը բավական են լինում խնդրի լուծման համար, մինչդեռ գերհոգնածության ու հյուծվածության դեպքում օրգանիզմի վերականգնման համար հարկավոր է ոչ միայն հանգիստ, այլև թերապևտիկ բուժում, քանի որ նման խնդիրը կարող է չափազանց լուրջ հետևանքներ ունենալ՝ հանգեցնելով աշխատունակության բացարձակ բացակայության ու ուժերի անկման։

Նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է ժամանակին նկատել խանգարումն ու միջոցներ ձեռնարկել դրանից ազատվելու համար, ուստի սննդաբան Կլարիսա Լենհերը բրիտանական Express պարբերականի հետ զրույցում ներկայացրել է այն ախտանշանները, որոնք հուշում են գերհոգնածության ու հյուծվածության մասին։

Տրամադրության փոփոխություն

Գերհոգնածությունն ազդում է մարդու հոգեկան առողջության վրա, ինչը կարող է դառնալ տրամադրության փոփոխության պատճառ։ Այս խնդրի մասին հուշող ցուցանիշներից մեկը կարող է լինել չափազանց բուռն արձագանքն անգամ ամենաչնչին սթրեսային իրադարձությանը։ Բանն այն է, որ գերհոգնածության դեպքում մարդու օրգանիզմը պարզապես չի ունենում բավարար էներգիա հույզերն ու ռեակցիաները կառավարելու համար։ Եթե նման հուզականությունը պահպանվում է ավելի քան մեկ ամիս, ապա հարկավոր է անպայման դիմել մասնագետին։

Հոգնածություն անգամ 8-ժամյա քնից հետո

Եթե մարդու քունը բավական տևական է, սակայն անգամ նման լիարժեք քնից հետո նրան չի հաջողվում ինչպես հարկն է հանգստանալ, էներգիա կուտակել ու վերականգնվել, ապա հարկավոր է անպայման խորհրդակցել մասնագետի հետ, քանի որ նման ախտըանշանը կարող է հուշել հուզական հյուծվածության մասին։ Բացի այդ, այս խանգարման մասին կարող է հուշել նաև ֆիզիկապես քուն մտնելու անկարողությունը՝ չնայած օրվա ընթացքում նկատվող հոգնածությանը։

Քաշի փոփոխություն

Երբ գերհոգնածությունը վատթարացնում է քնի որակը, կարող է նկատվել նաև ախորժակի փոփոխություն։ Նման դեպքերում ոմանց մոտ նկատվում է բարձր կալորիականություն ունեցող մթերք ուտելու անհագ ցանկություն, ինչն օրգանիզմի բնական արձագանքն է էներգիայի պակասին, իսկ ոմանց մոտ էլ նկատվում է ախորժակի բացակայություն, ինչն էլ պայմանավորված է լինում նրանով, որ օրգանիզմը պարզապես չի ցանկանում ավելորդ էներգիա վատնել մարսողության վրա։ Առաջին դեպքում գերհոգնածությունը կարող է դառնալ քաշի զգալի ավելացման պատճառ, մինչդեռ մյուս դեպքում կնկատվի քաշի ակնհայտ նվազում։

Մտավոր ակտիվության թուլացում

Գերհոգնածությունն ու հյուծվածությունը նվազեցնում են մտավոր ակտիվությունը, ինչը հանգեցնում է նաև կոգնիտիվ կարողությունների ու կենտրոնացման թուլացման։ Այս ամենի հետևանքով մարդը դժվարանում է որոշումներ կայացնել, չի կարողանում կենտրոնանալ կամ գտնել անհրաժեշտ բառերը բանավոր կամ գրավոր միտքն արտահայտելու համար։ Բացի այդ, կարող է նկատվել նաև հիշողության զգալի վատթարացում։ Նման դեպքերում մասնագետը խորհուրդ է տալիս դիմել թերապևտին խնդրի պատճառը պարզելու համար, ինչպես նաև ստուգել վահանագեղձի գործառույթները, քանի որ այս օրգանի ակտիվության նվազումը ևս կարող է դառնալ հոգնածության, տրամադրության վատթարացման ու մտավոր ակտիվության անկման պատճառ։

Մաշկի ու մազերի վիճակի վատթարացում

Գերհոգնածությունն ու հյուծվածությունը կարող են բացասաբար անդրադառնալ նաև մաշկի ու մազերի վիճակի վրա։ Նման խնդրի դեպքում մաշկը չորանում է, ստանում է անառողջ երանգ և կարող է պատվել բշտիկներով ու ցանով։ Բացի այդ, գերհոգնածությունը կարող է հանգեցնել մազերը բարակման ու թուլացման, ինչն էլ կդառնա մազաթափության պատճառ։ Բանն այն է, որ երբ գերհոգնածությունը պայմանավորված է լինում սթրեսով, կարող է նկատվել մակերիկամների գործառույթների խանգարում, ինչի հետևանքով դրանք չեն արտադրում բավարար քանակությամբ սեռական հորմոններ։ Այս ամենի հետևանքով կարող են տեղի ունենալ հորմոնալ տատանումներ, իսկ դրանք միշտ իրենց ազդեցությունն են ունենում մաշկի ու մազերի վրա։

Նյութը՝ med.tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook