Friday, May 3, 2024
Մանկան ԱնկյունՆորություններ

Մանկաբույժները կոչ են անում արգելել միանգամյա օգտագործման վեյփերը. «Հերացի» վերլուծական

Միանգամյա օգտագործման էլեկտրոնային ծխախոտների օգտագործումը լայն տարածում է գտնում երիտասարդների շրջանում՝ չնայած դեռ բացահայտված չէ դրանց ազդեցությունը ինչպես առողջության, այնպես էլ շրջակա միջավայրի վրա:

Ըստ Միացյալ Թագավորության Ազգային առողջապահական համակարգի (NHS) տվյալների՝ 2021 թվականին 15 տարեկան երիտասարդներից յուրաքանչյուր հինգերորդը օգտագործել է միանգամյա էլեկտրոնային ծխախոտ, ակնկալվում է, որ այս տարի օգտագործողների թիվը զգալիորեն կավելանա: Ծխելու և առողջության վերաբերյալ հետազոտությունները վկայում են, որ 11-17 տարեկանների շրջանում էլեկտրոնային ծխախոտի փորձնական օգտագործման դեպքերը նախորդ տարվա համեմատ աճել են 50%-ով:

Մանկաբույժները կոչ են անում բացահայտ արգելել միանգամյա օգտագործման վեյփերը՝ երիտասարդների շրջանում դրանց տարածվածությունը նվազեցնելու համար, քանի որ երկարաժամկետ ազդեցությունը թոքերի, սրտի և ուղեղի վրա մնում է անհայտ: «Կառավարությունը պետք է արգելի միանգամյա օգտագործման ծխախոտները, որոնք կարելի է գնել ընդամենը 1,99 ֆունտ ստեռլինգով, քանի որ վերջիններն առավել տարածված են երիտասարդների շրջանում», ասել է Մանկաբուժության և երեխաների առողջության թագավորական քոլեջի ներկայացուցիչը:

Դոկտոր Մայք Մաք-Քինը, գտնում է, որ կրթական հաստատությունը կատարել է «շատ ուշադիր, կշռադատված ահազանգ»՝ արտացոլելով իր անդամների մտահոգությունները երեխաների շրջանում միանգամյա օգտագործման էլեկտրոնային ծխախոտների օգտագործման «համաճարակի» և երկարաժամկետ հետևանքների վերաբերյալ հետազոտությունների սահմանափակ քանակի մասին:

«Տասնամյակներ պահանջվեցին ապացուցելու համար ծխախոտի օգտագործման կապը քաղցկեղի և շնչառական հիվանդությունների հետ: Իմ անհանգստությունն այն է, որ մենք կարող ենք բաց թողնել կարևոր ժամանակ ներկա իրավիճակում», – շարունակում է Մակքինը:

Ներկայում Անգլիան արգելված է 18 տարեկանից ցածր տարիքի երեխաների համար անվճար վեյփի նմուշները և կարող է արգելել գունավոր փաթեթավորումն ու համային անվանումները, որոնց թիրախային լսարանը հիմնականում երիտասարդներն են:

Բժշկի կարծիքով, եթե դուք 12 տարեկան եք և սկսում եք կանոնավոր կերպով ծխել, ապա պետք չէ սպասել, որ այդ 12-ամյա երեխան դառնա 13 կամ 14 տարեկան, անհրաժեշտ են կոնկրետ քայլեր ձեռնարկել հենց հիմա: Նա հավելում է, որ կա «բարոյական հրամայական»՝ կանխել նման արտադրանք արտադրող ընկերությունների կողմից մարդկանց՝ գունավոր փաթեթավորմամբ և մրգային համերով էլեկտրոնային ծխախոտի միջոցով՝ հատկապես դեռահասների, կախվածություններից օգուտ քաղելու փորձերը:

Արգելքը կնվազեցնի նաև էլեկտրոնային ծխախոտների պատճառած վնասը շրջակա միջավայրին, քանի որ վերջինների մարտկոցներում առկա է լիթիում:

Ըստ Միացյալ Թագավորության Առողջապահության և սոցիալական խնամքի դեպարտամենտի խոսնակի՝ անօրինական է երեխաներին նիկոտինային գոլորշիներ վաճառելը. «Մենք անհանգստացած ենք երիտասարդների միանգամյա օգտագործման էլեկտրոնային ծխախոտների օգտագործուման տեմպերի աճով, հատկապես երկարաժամկետ վնասների անհայտ լինելու պատճառով»:

Ըստ Հայաստանում իրականացված հետազոտությունների տվյալների՝ ծխող տղամարդկանց քանակը թռիչքաձև աճում է 15-19 տարիքային խմբից 20-34 տարիքային խմբին անցումով՝ 14.7%-ից մինչև 60.6%: Ամեն օր ծխողների 96.5%-ն օգտագործում է ֆիլտրով սիգարետներ։ Նրանք օրական միջին հաշվով ծխում են 24.6 սիգարետ։ Էլեկտրոնային ծխախոտ օգտագործում է ամեն օր ծխողների 3.3%-ը՝ օրական ծխելով միջին հաշվով 9․7 սիգարետ, իսկ տաքացվող ծխախոտ օգտագործում է ամեն օր ծխողների 3.0%-ը՝ օրական օգտագործելով 12.7 սիգարետ:

Հայաստանում առաջին անգամ էլեկտրոնային և տաքացվող սիգարետներ ծխել սկսելու տարիքը կազմում է համապատասխանաբար 22.0 և 24,0 տարեկան, ինչը կարող է պայմանավորված լինել վերջինների համեմատաբար ավելի բարձր արժեքով, որն ունի կարևոր կանխարգելիչ նշանակություն:

Մեր երկրում ևս անհրաժեշտ են միջոցներ երիտասարդներին և դեռահասներին էլեկտրոնային ծխախոտներից պաշտպանելու նպատակով, քանի որ, չնայած գործող օրենսդրական արգելքի, հաճախ կարող ենք ականատես լինել վերջինների բաց վաճառքին մարդաշատ վայրերում:

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook