Friday, May 3, 2024
Մանկան ԱնկյունՆորություններ

Մի կանգնեցրեք երեխային. Թող գնա՝ ուր ուզում է. Դաստիարակության 10 կանոններ

Ինչպե՞ս չդառնալ սեփական երեխայի դաստիարակը: Ինչպե՞ս սովորեցնել երեխաներին ինքնուրույն դառնալ և ինչպե՞ս նրանց փոխանցել ձեր զգացմունքները: 168.am-ն իր ընթերցողների ուշադրությանն է ներկայացնում հայտնի հոգեբան Յուլյա Հիպպենռեյթերի 10 «ոչ»-երը:

1. Մի վախեցեք փոխել կյանքի հետագծերը:

Շատերը հարցնում են, թե որն է ավելի վատ`աշխատող մոր կողմից անտեսված երեխա՞ն, թե՞ երեխան, ով անդադար տեսնում է կենցաղային հոգսերի մեջ խրված մորը: Կարծիք կա, որ դուք պետք է ընտրեք` կամ կարիերա, կամ երեխաներ:

Իրականում, եթե դուք ողջ օրը երեխաների հետ եք, ձանձրանում եք և վատ եք զգում ձեզ, փոխեք իրավիճակը:

Կամ եթե ողջ օրը աշխատանքի եք, ձեզ տանջում է խիղճը, որ չեք զբաղվում երեխայով, կրկին փոխեք իրավիճակը: Սա չի նշանակում, որ դուք պետք է հրաժարվեք աշխատանքից: Մտածեք այն մասին, թե ինչ աշխատանք և զբաղվածության ինչ չափ է ձեզ հարկավոր: Պետք է արձագանքել ձեր ներքին դժգոհությանը: Զգացմունքները մեր հիմնական ուղեցույցն են:

Մարդը դառնում է ավելի երջանիկ, երբ նրա հոգու և մտքի տարբեր մասերը հարմարվում են միմյանց հետ:

Եղեք ավելի զգայուն ինքներդ ձեզ համար, ազատվեք սխեմատիկ մտածողությունից, մի կողմ դրեք «Կամ կաթսաները, կամ հաջողությունը հասարակության մեջ» մտածողությունը:

Մի վախեցեք ռիսկի դիմել և փոխել ձեր կյանքի հետագծերը:

2. Մի սպասեք հրաշքի

Մի անգամ մի մայր հարցրեց՝ եթե ամուսինս որդուս քնելուց 15 րոպե առաջ է տուն գալիս, ինչպե՞ս անել, որ նրանք կոնտակտ ունենան իրար հետ:

Նրանք, իհարկե, կարող են շփման մեջ մտնել: Բայց երեխայի համար լիարժեք հայրիկ դառնալ օրական տասնհինգ րոպե շփվելով՝ հայրը չի կարող:

Երեխայի հիշողության մեջ կմնան մայրիկը, տատիկները, մորաքույրները, դայակները և նրանց վերաբերմունքը, մտածողությունն աշխարհի նկատմամբ, բայց ոչ հայրիկը, քանի որ շատ բան երեխային փոխանցվում է ոչ թե ուղղակի խոսքի, այլ սիրելիներին և նրանց հարաբերություններին հետևելու միջոցով: Եվ հետո, երեխաներն այնուհետև վերարտադրում են այդ հարաբերություններն իրենց կյանքում:

Ուստի, ցավոք, նման տղա երեխան չի կարողանա լիարժեք դաստիարակել իր որդուն: Նա պարզապես չգիտի, թե ինչպես են դա անում. ի վերջո, հայրը նրան չի դաստիարակել: Այստեղ հրաշքներ չեն լինում:

3. Ձեզ մի ստիպեք խաղալ երեխայի հետ

Մինչև դպրոցական տարիքի վրա հասնելը երեխայի գոյատևման գլխավոր եղանակը խաղն է:  Բայց կարևորը ոչ թե այն է, թե քանի ժամ եք խաղում ձեր երեխայի հետ, այլ նրա հետ խաղերի որակը: Մի ստիպեք ձեզ զոռով խաղալ երեխայի հետ: Նա զգում և լսում է, որ ձեզ համար ձանձրալի է իր հետ: Փնտրեք ու գտեք այն զբաղմունքը, որը ձեզ հետաքրքիր է ձեր երեխայի հետ շփվելիս:

Բացի համատեղ խաղերից, երեխան պետք է կարողանա ինքն իրեն զբաղեցնել ու խաղալ միայնակ: Չպետք է թույլ տալ, որ երեխան միշտ հույսը մոր վրա դնի: Պետք է այնպես նրբորեն դուրս գալ խաղից, որ երեխան ինքնուրույն խաղա:

Ավելին, ծնողները չպետք է իրենց երեխայի գործողությունները նկարագրելիս գործածեն «մենք» դերանունը: Չի կարելի ասել՝ «Մենք գնացինք մանկապարտեզ», «մենք փոխադրվեցինք երկրորդ դասարան», «մենք պատրաստվում ենք դպրոց գնալ», իսկ հետո էլ՝ «մենք ընդունվեցինք բուհ»: Կարևոր է, որ երեխաները տարբերեն՝ երբ է ինքը մոր հետ, երբ՝ միայնակ:

4. Մի «դաստիարակեք» երեխային:

Հաճախ երեխայի դաստիարակության հիմքում ծնողները դնում են այն, ինչ կարևոր է իրենց համար՝ ելնելով իրենց այն պատկերացումներից, թե ինչպես իրեն պետք է պահի երեխան, և ինչպես պետք է կազմակերպվի նրա կյանքը:

Անկասկած, պետք է ապահովել երեխայի անվտանգությունն ու շատ բաներում սահմանափակել նրան, բայց երեխայի հետ հոգևոր կապ ունենալու համար դա բոլորովին էլ բավարար չէ:

Երեխային հասկանալ՝ նշանակում է հասկանալ՝ ինչ է նա ուզում, հասկանալ, որ ինչ-որ բանում դժվարանում է, իմանալ նրա երազանքները: Հաճախ երեխաներն իրենց ցանկությունները կտրուկ ձևակերպումներով են արտահայտում, օրինակ՝ «չեմ ուզում քնել», «պաղպաղակ եմ ուզում», կամ «չեմ ուզում, որ մայրիկն աշխատանքի գնա»: Սա ուղղակիորեն ծնողական «պետք է»-ի հայելային արտացոլանքն է, որն էլ հենց մենք անվանում ենք դաստիարակություն: Մենք ասում ենք՝ մեզ ինչ է պետք, բայց արդյո՞ք մեզ հետաքրքիր է, թե ինչ է պետք երեխային: Միգուցե պարադոքսալ հնչի, բայց երեխայի հետ հոգևոր կապ հաստատելու եղանակը նրան դաստիարակել դադարելն է:

5. Միշտ ճիշտ մի եղեք:

Հաճախ մեր ծնողական պրակտիկայում դաստիարակությունը երեխային ձեռնասուն դարձնելն է: Մենք կառավարում ենք երեխային: Համոզում ենք, հորդորում, երբեմն՝ վախեցնում:

Երբ երեխան սխալվում է, անմիջապես ուղղում ենք նրան, իսկ դուք վերցրեք ու ինքներդ դիտմամբ սխալվեք: Ասենք՝ առաջին դասարանցի ձեր երեխային ասեք, որ 2+5=6:

Պատկերացնո՞ւմ եք՝ երեխան ինչ երջանիկ կլինի, երբ իմանա, որ ծնողներն էլ կարող են սխալվել: Երեխաները սովոր են, որ իրենց կառավարում են ու ճնշում, բայց չպետք է մոռանալ, որ արդեն մեկ տարեկան երեխան անհատականություն է: Պետք է հարգել երեխայի շահերը ու թույլ տալ, որ նա կարողանա իրացնել ինքն իրեն: Զբաղվեք երեխայի հետ: Նրանց մեջ ծնված օրվանից բնականորեն կա առողջ էներգիայի մեծ պաշար:

6. Մի կանգնեցրեք երեխային. Թող գնա՝ ուր ուզում է

Ձեր երեխային նրա հենց փոքր տարիքից հարցրեք՝ ինչ հետաքրքրություններ ունի նա: Հավատացեք, նա ձեզ ամեն ինչ կպատմի: Այլապես հետո ուշ կլինի: Դեռահասության տարիքում նա արդեն իր հետաքրքրությունները կթաքցնի ձեզնից, որովհետև նա արդեն սովորել է, որ ինքը դաստիարակության օբյեկտ է, այլ ոչ թե սեփական կյանքը կառուցող սուբյեկտ:

Երեխայի մոտիվացիան, նրա հետաքրքրությունները պետք է պահել աչքի լույսի պես ու զարգացնել դրանք: Ինքն իրեն գտնելու հնարավորությունն ու կարողությունը երջանիկ մարդու գաղտնիքն է:

Երեխան անընդհատ ինչ-որ բան ուզում է, և եթե նրա հետաքրքրությունների համար հարմար կերակուր տաս, նա կգնա երջանկության ճանապարհով: Թողեք, որ երեխան գտնի ինքն իրեն, ու պանիկայի մեջ մի ընկեք: Թող գնա իր ճանապարհով:

7. Ձեր երեխային դաժան աշխարհի մասին պատմություններով մի վախեցրեք

Որքան շատ իր բնական մաքուր վիճակով երեխան դուրս գա արտաքին աշխարհ, այնքան նա պատրաստված ու պինդ կլինի: Որքան շատ նրան հասկանան ու հարգեն, որքան շատ նա իր հետաքրքրությունների հետևից գնա ու դրանք իրականացնի, այնքան երեխայի դիմադրողականությունն արտաքին աշխարհի ու նրա դաժան դրսևորումների նկատմամբ բարձր կլինի:

8. Եվ մի մոռացեք խոսել ձեր զգացմունքների մասին

Ինչպես ցույց են տվել հետազոտությունները, այսպես կոչված, էմոցիոնալ ինտելեկտի զարգացումը մեծ նշանակություն ունի այն բանի համար, թե որքան հաջող կերպով հետագայում երեխան կհաղթահարի բարդ իրավիճակները:

Երեխաների մոտ էմոցիոնալ ինտելեկտ զարգացնելու համար պետք է շփման ժամանակ օգտագործել զգացմունքների բառարանը: Հաճախակի օգտագործեք այնպիսի բառեր, որոնք նկարագրում են ձեր վիճակն ու երեխայի վիճակը, իրենց անուններով կոչեք ձեր տարբեր ապրումներն ու զգացմունքները: Պետք է կարողանալ նաև լսել երեխաների զգացմունքների մասին:

Երեխային պատմեք իր մասին, իր վիճակի, ապրումների դինամիկայի մասին: Մանկական հիստերիաները և մանիպուլյացիաները փոխադրեք նրա զգացմունքների մասին զրույցների: Բայց դա արեք ոչ թե նյարդային կերպով, այլ երեխայի ներաշխարհի մեջ ընկղմվելով, նրան հասկանալով:

Եվ մի մոռացեք ձեր զգացմունքների մասին ասել նրան:

9. Մի արգելեք

Ավելի լավ է երեխային անվերապահորեն ինչ-որ բան չարգելել, այլ կանոն ներմուծել: Կանոնները չեն քննարկվում ու սակարկության առարկա չեն դառնում:

Բայց մի մոռացեք, որ բացի կանոններից՝ երեխաները պետք է ունենան նաև իրավունքներ: Եթե երեխան չի ստանում այն, ինչ իրեն իրականում պետք է, նա ձեր սահմանած կանոնները կխախտի, կվիճի, կխաբի ու կթաքնվի: Նա կհարգի ձեր կանոնները, եթե դուք հարգեք նրա մոտիվներն ու իրավունքները:

10. Իրական աշխարհը մի փոխարինեք գաջեթներով

Նոր տեխնոլոգիաների առանձնահատկությունը կայանում է նրանում, որ նրանք վայրկենապես հետադարձ կապ են ապահովում: Այսինքն՝ գաջեթներով մեծացած երեխան սովոր չէ, որ իր գործողությունների վերաբերյալ արձագանքը կարող է ուշ վրա հասնել:

Գաջեթների մյուս առանձնահատկությունն էլ այն է, որ փոխգործակցությունը ֆիզիկապես սահմանափակ է: Գաջեթի վրա մատներով կատարված մի քանի գործողությունները բերում են ինֆորմացիայի հսկայական հոսք:

Նոր տեխնոլոգիաների երրորդ տարբերիչ նշանն այն է, որ, օրինակ, համակարգչային խաղերում ու սոցիալական ցանցերում էմոցիոնալ հարաբերություններն առավել սահմանափակ արտահայտչամիջոցներ ունեն:

Ծնողը պետք է հասկանա իրական աշխարհի հարստությունն ու նրա չափորոշիչները, պետք է գիտակցի, թե դրանցից որոնք են տեխնոլոգիաների մեջ բացակայում: Երբ դուք սահմանափակում եք երեխաների ու գաջեթների հարաբերությունները, ազատված ժամանակը լցրեք ակտիվ զբաղմունքներով, որոնցից երեխան կստանա այն, ինչ չի ստանում գաջեթներից:

Հատուկ ուշադրություն պետք է դարձնել շարժողական պարապմունքներին, առարկաների հետ գործողություններին: Սոցիալական ցանցերում չկան ոչ բույրեր, ոչ հպումներ, ոչ ինտոնացիաներ:

Եթե ձեր զգացմունքների մասին պատմեք ձեր երեխային, նրա մոտ իրական աշխարհի նկատմամբ հետաքրքրություն ձևավորեք, ապա այն ժամանակ, երբ նա դպրոց կգնա, գաջեթների լիմիտները նրան քաջ հայտնի կլինեն, և նա ինքը չի ցանկանա հեռախոսով զբաղվել կես ժամից ավելի:

Հրապարակման պատրաստեց 168.am-ը

Leave a Reply

x Close

Like Us On Facebook