Friday, May 3, 2024
ՀիվանդություններՆորություններ

Նիհարեցում և կրծքի չափերի մեծացում միաժամանակ.լիպոֆիլլինգ

Մեծ կուրծքը շարունակում է նորաձև մնալ, հետևաբար կրծքագեղձի մեծացումը շարունակում է մնալ ամենահաճախ կատարվող պլաստիկ վիրահատությունների թվում: Ամենատարածված եղանակը սիլիկոնե իմպլանտների տեղադրումն է, սակայն կան պակաս ինվազիվ և ավելի քիչ վտանգ պարունակող մեթոդներ: Այդ մեթոդներից մեկի մասին զրուցում ենք “Սլավմեդ” ԲԿ-ի պլաստիկ վիրաբույժ Կիմ Խոդիկյանի հետ:
–   Ի՞նչ է իրենից ներկայացնում լիպոֆիլլինգը:
–   Լիպոֆիլլինգը կրծքերի մեծացման եղանակ է, երբ մարմնի մի մասից վերցվում է ճարպը և ներարկվում է մեկ այլ տեղ: Շեշտը դրվում է երկու վիրահատության վրա. առաջինը՝ ուրվագիծ ձևավորող՝ պրոբլեմատիկ հատվածների համար (ազդրեր, հետույքի շրջան, որովայնի շրջան), որտեղից վերցնում ենք ճարպը, հետևաբար դառնում է նիհարեցնող վիրահատություն, երկրորդը՝ կրծքագեղձերը մեծացնելու, ֆորման ընդգծելու վիրահատությունն է:
–   Որո՞նք են մեթոդի առանձնահատկությունները: 
–   Օգտագործվում է մարմնի սեփական ճարպաբջջանքը, հետևաբար չի առաջանում անհամատեղելիության խնդիր: Երկրորդը՝ վիրահատությունը կատարվում է ավելի քիչ ինվազիվ կտրվածքներով, քան իմպլանտների տեղադրման դեպքում: Օգտագործում ենք կանուլիաներ, որոնց համար 2-4 մմ-անոց կտրվածքներ են արվում, հետևաբար էսթետիկ առումով ավելի բարեհաջող է:
Սլավմեդ ԲԿ-ի պլաստիկ վիրաբույժ Կիմ ԽոդիկյանՈչ բոլոր կանայք են պատրաստ անմիջապես իմպլանտներ տեղադրել, դա հոգեբանական խնդիր է: Ի վերջո, այն օտար մարմին է:Սովորաբար լիպոֆիլլինգը նախորդում է էնդոպրոթեզավորմանը, հնարավորություն է տալիս պացիենտին սովորել իր արտաքին տեսքին ու նոր չափսերին: Եթե մեկ անգամ լիպոֆիլլինգ անելուց հետո կինը չի որոշում դիմել էնդոպրոթեզավորման՝ կրծքագեղձի իմպլանտների տեղադրման, ապա որոշ քանակի ներծծվելուց հետո լիպոֆիլլինգի պրոցեդուրան կարելի է կրկնել: Ոչ մի հակացուցում չկա, ունեմ պացիենտներ, որ պարբերաբար անում են: Բացի այդ, լիպոֆիլլինգն ավելի մատչելի է ֆինանսական առումով: Եթե էնթոպրոթեզավորման դեպքում պացիենտը 1000-1500 ԱՄՆ դոլլարի չափով վճարում է միայն իմպլանտների համար, ապա այս դեպքում օգտագործվում է սեփական օրգանիզմի անվճար ճարպը:

–   Որքա՞ն ժամանակում է ճարպը ներծծվում: 
–   Մեկ-երկու տարում, բայց խոսքը չի գնում ամբողջական ներծծման մասին, մինչև 30-50 տոկոսը մնում է:
–   Կա՞ն ինչ-որ ռիսկեր:
–   Որոշ մասնագետներ գտնում են, որ ադիպոցիտները՝ ճարպային բջիջները, վնասվում են օդի հետ շփումից: Այսինքն՝ ճարպը վերցնելու պահին պետք է ուշադիր լինել, ապահովել վակուումի որոշակի մակարդակ, որպեսզի ճապաբջիջները հնարավորինս քիչ վնասվեն:
–   Կա՞ն սահմանափակումներ:
–   Իհարկե, երբեմն պացիենտը շատ մեծ փոփոխություն է ուզում, բայց չենք կարող չափազանց մեծ քանակություն ներարկել: Այս հարցում տարբեր մոտեցումներ կան: Ոմանք ամեն կրծքագեղձի համար թույլատրելի քանակ նշում են մինչև 250 մլ, ուրիշները՝ մինչև 600-650 մլ: 250 մլ քանակությունը ապահովում է կրծքի մեծացում 1-1.5 չափով:
–   Հետվիրահատական վերականգնողական շրջանը որքա՞ն է տևում:
–   Լիպոֆիլլինգի առավելություններից մեկն էլ հենց կարճ վերականգնողական շրջանն է: Մեկ-երկու օրից պացիենտը կարող է հանգիստ վերադառնալ իր կյանքին:
–   Ճարպի նեծծվելուց հետո կուրծքը չի՞ դեֆորմացվում:
–   Եթե վիրահատական միջամտությունը կատարված է ճիշտ, չափաբաժինները պահպանված են, ամեն ինչ նորմայի սահմաններում է, ապա դեֆորմացիայի խնդիր չենք ունենա:
–   Ինչպիսի՞ն է դիմելիության տենդենցը:
–   Վերջին 10 տարում Հայաստանում կրծքագեղձի մեծացման, փոքրացման, ձգման և այլ նմանատիպ վիրահատությունների պահանջարկն ավելացել է:

Սկզբնաղբյուր. Առողջապահական համակարգ

Leave a Reply

x Close

Like Us On Facebook