Saturday, May 4, 2024
ՀիվանդություններՆորություններ

Ջերմային հարված․ ամառային շոգ օրերի անցանկալի ազդեցությունը, որը կարող է ճակատագրական լինել

Ամառային շոգ օրերը թեև հիմնականում ասոցացվում են հանգստի և ուրախ ժամանցի հետ, դրանք նաև որոշակի վտանգներ են թաքցնում հատկապես մի շարք հիվանդություններ ունեցող մարդկանց համար։ Ծայրահեղ շոգը կապվում է սիրտ-անոթային հիվանդությունների և այդ հիվանդություններից մահվան դեպքերի աճի հետ, և շատ կարևոր է իմանալ այն ախտանշանները, որոնք հուշում են օրգանիզմի գերտաքացման և դրա հնարավոր հետևանքների մասին։

Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության տվյալներով՝ սպասվում է, որ առաջիկա 5 տարիների ընթացքում գլոբալ տաքացման ցուցանիշները ռեկորդային մակարդակի կհասնեն, ինքը նշանակում է, որ դեռևս կշարունակի արդիական մնալ վերահսկումն առողջական այն խնդիրների, որոնց վրա կլիմայական փոփոխությունները, հատկապես չափազանց շոգը մեծ ազդեցություն ունեն։ Ջերմային հարվածն առաջանում է, երբ մարմինը գերտաքանում է և չի կարողանում սառչել։ Ըստ մասնագետների՝ կա ջերմային հարվածի երկու տեսակ՝ մի տեսակն անմիջականորեն տապի հետ է կապվում, մյուսը՝ շոգ կամ խոնավ եղանակային պայմաններում ծանրաբեռնված աշխատանքի հետ․ երկուսի ազդեցությունն էլ կարող է ճակատագրական լինել։
Առանց ֆիզիկական ծանրաբեռնվածության ջերմային հարվածը տեղի է ունենում շատ շոգ կամ ոչ այնքան շոգ, բայց 75%-ից բարձր խոնավության պայմաններում գտնվելիս, իսկ ծանրաբեռնվելու դեպքում մարմինը սկսում է ավելի շատ տաքություն արտադրել։

Մարմինը ջերմությունից հիմնականում քրտինքի միջոցով է ազատվում, սակայն երբ տաքությունը չափից ավելի է, օրգանիզմը չի կարողանում արդյունավետորեն ազատվել դրանից, և մարմնի ջերմաստիճանը բարձրանում է։ Ինչպես ասում է Չիկագոյի համալսարանի շտապ բուժօգնության բաժնի վարիչ, պրոֆեսոր Մայքլ Կուրցը, մարմնի ջերմաստիճանը 41.5° հասնելուց հետո «գլխուղեղում հիմնական քիմիական ռեակցիաները դադարում են, սրտի ռիթմն արագանում է, մարդը սկսում է ավելի արագ շնչել՝ ավելի շատ թթվածնի կարիք ունենալով։ Դա տեղի է ունենում, քանի որ օրգանիզմը փորձում է մեծացնել արյան հոսքը՝ մարմնի ջերմաստիճանը նվազեցնելու համար»։ Այդ վիճակը կարող է ազդել նաև մյուս օրգանների վրա՝ համակարգային խնդիրներ առաջացնելով։
Ջերմային հարվածի հետ կապված խնդիրները կարող են աննշանից մինչև ճակատագրական լինել։

Ջերմային հյուծվածության նախանշաններն են գերքրտնարտադրությունը, գունատությունը, մկանային կծկումները, հոգնածությունը, թուլությունը, գլխապտույտը, գլխացավը, սրտխառնոցը, փսխումը, ուշաթափությունը։ Ջերմային հյուծվածությունը կարող է վերաճել ջերմային հարվածի, եթե խնդիրը հարթելու համար ջանքեր չգործադրվեն։
Ջերմային հարվածը կարող է մարմնի ծայրահեղ բարձր ջերմություն առաջացնել (39.4 C-ից ավելի), ինչպես նաև հաճախասրտություն, գլխացավ, գլխապտույտ, սրտխառնոց, գիտակցության խանգարում, մաշկի չորություն, քրտնարտադրության բացակայություն և ի վերջո գիտակցության կորուստ։ Բժիշկ Կուրցի խոսքով, ջերմային հարվածի պատճառով մարդը կարող է նաև խոսքի խանգարումներ, վերջույթները շարժելու հետ կապված դժվարություններ ունենալ։ Ինչպես տեսնում ենք, այս ախտանշանները շատ նման են կաթվածի պատճառով առաջացած ախտանշաններին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2023/06/28/1351397/

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook