Thursday, May 2, 2024
ՀիվանդություններՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Սեզոնային գրիպը կանխարգելելու համար մասնագետները խորհուրդ են տալիս պատվաստվել. արդյո՞ք այդ պատվաստանյութն ունի հակացուցումներ

Գրիպի սեզոնային ակտիվության շրջանում պաշտպանված լինելու համար մասնագետներն հորդորում են պատվաստվել: Առողջապահության նախարարությունից այսօր տեղեկացրել էին նաև, որ գրիպի պատվաստանյութն առկա է առաջնային օղակում, և մարդիկ, անկախ կցագրման փաստից կարող եք պատվաստվել։ Պատվաստանյութը հասանելի է նաև շարժական պատվաստումային կետում:

Zarkerak.am-ի հետ զրույցում ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի ավագ դասախոս Արման Բադալյանն ասում է՝ չնայած, որ պատվաստանյութերի վերաբերյալ ազգաբնակչության հետաքրքրվածությունն ու շահագրգռվածությունն այնքան էլ մեծ չէ, այդուամենայնիվ, դրական տեղաշարժ կա: Շարժը նկատելի է, օրինակ՝ ռիսկի խումբ հանդիսացող առաջին օղակի բժիշկների շրջանում:

Արման Բադալյանի խոսքով՝ այժմ կիրառվում է քառավալենտ Վաքսիգրիպ պատվաստանյութը.

«Ծանր դեպքերի կանխարգելման տեսանկյունից այս պատվաստանյութը 60-70 տոկոս արդյունավետություն ունի: Եթե հաշվի առնենք, որ մեծահասակների 5-10 տոկոսն է հիվանդանում, իսկ երեխաների 25 տոկոսը, ապա 60-70 տոկոս ծանր դեպքերի կանխարգելումը բավական մեծ էֆեկտիվություն է համարվում»,- ասում է համաճարակաբանը:

Հարցին, արդյոք պատվաստանյութը չունի հակացուցումներ կամ նախապես չի պահանջում որոշակի հետազոտություններ, համաճարակաբանն ասում է, որ գրիպի դեմ կիրառվող պատվաստանյութերը, բավական հեշտ «տարվող» են՝ հետպատվաստումային ընթացքում:

«Հակացուցումներից է նախորդ պատվաստումից տարած ծանր ալերգիկ ռեակցիան, որը սակայն այնքան էլ կիրառելի չէ. պատվաստանյութը տարին մեկ փոփոխվում է: Այդ դեպքում չի ստանա այդ պատվաստանյութը, կստանա այլ պատվաստանյութ»,- նշում է մասնագետն ու հավելում, որ,այդուամենայնիվ, օրգանիզմի անհատական ռեակցիան է, որը նախապես իմանալ ոչ մեկ չի կարող:

Ինչ վերաբերում է հնարավոր ալերգիկ ռեակցիաներից խուսափելու համար նախապես արվող ստուգումների կիրառմանը, համաճարակաբանն ասում է, որ չկա նման չափանիշ:

«Նախապես ստուգում չկա, դրա համար մենք միշտ բժիշկներին խորհուրդ ենք տալիս, որ ավելի լավ է շատ հազվադեպ հանդիպող ռեակցիաները, որոնք հնարավոր է ի հայտ գան մարդու օրգանիզմում՝ արագ ախտորոշել, նման դեպքում  հիվանդին շատ արագ կարելի է հանել այդ վիճակից: Իսկ առանձին, ինչ-որ ստուգումներ, լաբորատոր քննություններ աշխարհի պրակտիկայում չկա»,-նշում է նա:

Հակացուցումների մասին խոսելիս համաճարակաբան Արման Բադալյանն ասում է, որ եթե նախկինում եղել են ինչ-որ դեպքեր, երբ պատվաստումից ռեակցիա է սկսվել, ապա դա պետք է բժշկին ներկայացվի, որպեսզի անհատական մոտեցում ցուցաբերի:

Ըստ Բադալյանի, որպես ընդհանուր հակացուցում ՝ համարվում  են այն դեպքերը, երբ ուղեկցող հիվանդություններ կան, և որոնց սրացման շրջանն է.

«Այդ դեպքում պատվաստումը կարող է հետաձգվել մինչև վիճակի բարելավում: Նմանատիպ՝ ընդհանուր մոտեցումներ են և որևէ անհատական մոտեցում չկա: Հակառակը՝ այս պատվաստանյութը հենց հղիներին է ցուցված, 65-ից բարձր տարիքային խմբին, որոնք ունեն շնչառական համակարգի, սիրտանոթային համակարգի, միզարտադրողական համակարգի և այլ խնդիրներ: Տարեկան, տարբեր տվյալների համաձայն, գրիպից 290-650 հազար մահացու դեպքեր են լինում աշխարհում: Այսինքն, գրիպի վիրուսն ինքնին կարող է բերել ինչ-որ բարդություն, իսկ եթե կան ուղեկցող հիվանդություններ, այդ բարդ ընթացքն անգամներ ծանրացնում են»,- շեշտում է համաճարակաբանը: Նրա խոսքով, այդ բարդացումները կարող են հանգեցնել նույնիսկ մահվան:

Արման Բադալյանն ասում է, 65-ից բարձր, ուղեկցող հիվանդություններով՝ տարբեր օրգան համակարգերի խրոնիկ հիվանդություններով մարդիկ առաջնահերթ են: Թե, երբ է տարվա ընթացքում լավագույն շրջանը պատվաստվելու համար, համաճարակաբանի խոսքով՝ սեզոնի տեսանկյունից հիմա ամենաբարենպաստ շրջանն է.

«Հոկտեմբեր-նոյեմբերը, քանի որ հիմա նոր-նոր է սկսվում ալիքը, իսկ պատվաստումից հետո 2-3 շաբաթ պետք է անցնի, որպեսզի հակամարմիները ձևավորվեն»,-ընդգծում է նա:

Գրիպի դեմ պատվաստումը տարին մեկ անգամ ու մեկ չափաբաժնով է իրականացվում՝ միջմկանային ներարկման տեսքով.

«Տարին մեկ անգամ է, որովհետև շտամերն անընդմեջ փոխվում են և պատվաստանյութը ևս անընդմեջ փոփոխության է ենթարկվում: Տարին մեկ անգամ վիրուսի «ստրուկտուրայում» փոփոխություններ են տեղի ունենում, և ինքը հենց փոխվեց՝ մարդը դառնում է զգայուն այդ նորի նկատմամբ՝ հնի նկատմամբ անցնում է հետպատվաստումային իմունիտետը»,- ընդգծեց նա:

Եվս մեկ անգամ հիշեցնելով, որ փոքրիկներին՝ 6 ամսականից սկսած մինչև 5-6 տարեկանը և 65 տարեկանից բարձր անձանց, որոնք ռիսկի խմբում են՝ պատվաստելը խրախուսվում է, համաճարակաբանը հորդորում է նաև բոլորին պատվաստվել և խուսափել հնարավոր բարդացումներից:

Նշենք, որ ներկայում, Երևանի բոլոր պոլիկլինիկաները, իսկ հաջորդ շաբաթվանից՝ նաև մարզային, արդեն ապահովված կլինեն 2022-2023 թթ. սեզոնի համար նախատեսված սեզոնային գրիպի քառավալենտ պատվաստանյութով, և բոլոր նրանք, ովքեր ցանկանում են պատվաստվել, կարող են դիմել պոլիկլինիկա կամ շարժական պատվաստումային կետ և պատվաստվել:

 

Արաքսյա Փաշոյան

Leave a Reply

x Close

Like Us On Facebook