Saturday, May 4, 2024
ՀիվանդություններՆորություններ

Սրտամկանի ինֆարկտ

Սրտամկանի ինֆարկտ սուր հիվանդություն է, որը պայմանավորված է սրտի պսակային անոթների արյան մատակարարման բացարձակ անբավարարության հետևանքով սրտամկանում մեռուկացման մեկ կամ մի քանի օջախների զարգացմամբ։

Սրտամկանի ինֆարկտը սիրտ-անոթային համակարգի հաճախ հանդիպող հիվանդություն է, սրտի իշեմիկ հիվանդության կլինիկական ձևերից մեկը, որը զարգացած երկրներում հարյուր հազարավոր մարդկանց մահվան պատճառ է դառնում։ Ընդ որում, մահացածների մեծամասնությունը կազմում են աշխատունակ տարիքի տղամարդիկ։ Սրտամկանի ինֆարկտի հիմնական, բայց ոչ միակ պատճառն է պսակային զարկերակների աթերոսկլերոզը։

Աթերոսկլերոտիկ գործընթացի հարաճումը պատճառ է հանդիսանում պսակային զարկերակների ներանոթենու մեջ ֆիբրոզային թիթեղների (վահանիկների) գոյացման համար, որը ուղեկցվում է մեծ քանակությամբ կալցիումային աղերի կուտակումով։ Որոշակի պայմաններում աթերոսկլերոտիկ թիթեղի մակերեսային շերտերի կազմաբանական կառուցվածքը կարող է խախտվել (ներանոթենու պատռվածք, ենթաներանոթենային արնազեղում, թիթեղի ուռճեցում), և այդ դեպքում նախադրյալներ են ստեղծվում պսակային զարկերակում արյան հոսքի խանգարման համար. ինչն իր հերթին բերում է այդ անոթի կողմից սնուցվող սրտամկանի համապատասխան հատվածի արյան մատակարարման լրիվ կամ մասնակի դադարեցմանը։ Սակայն, սրտամկանի ինֆարկտի ախտածագումը հեռու կլիներ լրիվ լինելուց, եթե հաշվի չառնենք նաև աթերոսկլերոտիկ գործընթացին ուղեկցող արյան հոսունաբանական հատկությունների խանգարումները, գերմակարդման հակումը, հեմոստազի թրոմբոցիտային հատվածի խանգարումները։ Անոթային պատի փոփոխությունները այն պլացդարմն են հադիսանում, որի վրա հետագայում զարգանում են թրոմբոցիտային միաձուլվածքները (ագրեգատները) և ձևավորվում է մակարդուկը. սկսվում է զարկերակի մակարդուկային խցանումը։ Որոշակի պայմաններում խոշոր պսակային զարկերակի կծկանքը նույնպես կարող է հանգեցնել սրտամկանի ինֆարկտի, կամ նպաստել դրան։ Որպես օրենք, սրտամկանի ինֆարկտի ժամանակ տուժում է սրտի ձախ փորոքը։ Սրտամկանի ինֆարկտի տեղակայումը պայմանավորված է սրտամկանի որոշակի հատվածը արնամատակարարող պսակային զարկերակի ավազանով։

Ախտորոշում

Սրտամկանի ինֆարկտի ախտորոշումը պետք է հիմնվի կլինիկական, էլեկտրասրտագրային և նյութափոխանակային նշանների հանրագումարի վրա։ Սրտամկանի ինֆարկտի կասկածը հիմնվում է հետևյալ նշանների վրա. կրծքավանդակի առաջային հատվածի հանկարծակի, տանջալից ցավ՝ վախի զգացումով; սրտի ռիթմի ծանր խանգարումների, կամ ձախ փորոքային սրտային սուր անբավարարության, կամ էլ անոթային թմբիրի հանկարծակի զարգացում; հիվանդի համար ոչ սովորական տարբեր ուժգնության համառ ցավ, որը կարող է առաջանալ կամ վերորովայնային շրջանում, կամ երկու ձեռքերում (ավելի հաճախ արմունկների կամ նախաբազուկների շրջանում), կամ էլ պարանոցի և նույնիսկ ստորին ծնոտի ատամների շրջանում, ընդ որում, այդ ցավը հետագայում կարող է տեղափոխվել կրծոսկրին մոտ կամ հետկրծոսկրային շրջան։

Կլինիկական պատկեր

Սրտամկանի ինֆարկտի ժամանակ ցավը տարբերվում է ստենոկարդիայի նոպայից ոչ միայն ուժգնությամբ, այլ նաև տևողությամբ և նիտրոգլիցերինի նկատմամբ պատասխանի բացակայությամբ։ Այդպիսի վիճակն անվանում են հեղձուկային (անգինոզ)։ Այդ դեպքում մաշկի գունատությունը և խոնավությունը, եղունգնրի հուների և շրթունքների կապտությունը, ձեռքերի և ոտքերի մատների սառնությունը, ինչպես նաև օձիգային գոտու մաշկի կապտավուն երանգով կարմրության առաջացումը նույնպես խոսում են ցավի և նրա ուժգնության մասին։ Զարկերակային ճնշման սովորականից ավելին բարձրացումը նույնպես ընդգծում է ցավի ուժգնության իսկությունը։ Վախի զգացումը, իրեն կորցնելը, տագնապը, հիվանդի անհանգիստ վարքը՝ ընդհուպ մինչև սենյակով մեկ չհիմնավորված տեղաշարժերը (հիվանդն իր տեղը չի գտնում) արտահայտում են հուզական ոլորտի կողմից հակազդումը։ Նրանց թվին պետք է դասել նաև հիվանդի էյֆորիկությունը՝ իր վիճակի և վարքի հանդեպ անբավարար քննադատությամբ։

Ցավի տեղակայում

Ցավի տեղակայումը սրտամկանի ինֆարկտի ժամանակ։
Կարմիր գույնով նշված է ցավի տիպիկ տեղակայումը, վարդագույնով նշված է ցավի հնարավոր տեղակայումը։

Թիկունքի կողմից ցավի հնարավոր տեղակայումը։

Դասական ցավը ինֆարկտային նոպայի ժամանակ բնորոշվում է հանկարծակի սկզբով, հիվանդին վախեցնող ուժգնությամբ, նիտրոգլիցերինի սովորական դեղաչափից անբավարար թեթևացմամբ, կամ վերջինիս բացակայությամբ։ Սակայն, հիմնական տարբերությունը նրանում է, որ ցավն ունի հեղձուկային բնույթ կամ պարունակում է վերջինիս բաղադրիչը (ծանրություն, ճնշում, սեղմում կրծոսկրի հետևում, կրծքավանդակի ազատ շարժումների սահմանափակման զգացում)։ Երբեմն սրտամկանի ինֆարկտի բուն ցավային բաղադրիչը շատ աննշան է արտահայտված լինում և հիվանդի կողմից ուշադրության չի արժանանում, իսկ հեղձուկային բաղադրիչը դառնում է գերիշխող։ Այդպիսի դեպքերում հիվանդին ցավի մասին հարցնելիս սովորաբար ստանում ենք բացասական պատասխան։ Ընդ որում, շատ հաճախ այդպիսի հարցից հետո հիվանդը չի ավելացնում, որ ոչ թե ցավ է զգում, այլ կրծքավանդակում սեղմման զգացում ունի, և բժիշկը, եթե չտա լրացուցիչ հարց, անտեղյակ կարող է մնալ այդ հիմնական զգացողության առկայության մասին։
Ոչ հաճախ, մանավանդ տարեց հիվանդների մոտ, ցավային նոպան իր ուժգնությամբ չի ունենում ահավոր վախեցնող բնույթ։ Ցավի տեղակայումը և բնույթը կարող են համապատասխանել արդեն սովորական դարձած ստենոկարդիայի նոպաներին և սրտամկանի ինֆարկտը կարող է այդպիսի հիվանդների մոտ կարիք չառաջացնել բժշկական օգնությանը դիմելու համար։ Երբեմն ինֆարկտի ժամանակ ցավը տարբերվում է ստենոկարդիայի սովորական նոպաներից միայն առաջացման կետով, տեղակայմամբ։ Օրինակ, ուսագոտիների ցավի փոխարեն հիվանդը կարող է ցավ ունենալ երկու նախաբազուկներում, և, բնականաբար, դրան որևէ նշանակություն չտալ, քանի որ նրանք ուժեղ չեն։ Այդպիսի նոպաների մասին հաճախ իմանում են հետադարձ եղանակով՝ հիվանդին մանրամասն հացուփորձ անելու ժամանակ, երբ հիվանդը բժշկի մոտ է հայտնվում ժամանակին չախտորոշված սրտամկանի ինֆարկտի բարդությունների կապակցությամբ։
Սրտամկանի ինֆարկտի դեպքերի 5-15 տոկոսն անցավ են ընթանում, կամ ցավը շատ չնչին է լինում, հաճախ հետին պլան մղվելով սրտամկանի ինֆարկտի սուր շրջանի բարդությունների կլինիկայով (սրտի սուր ձախ փորոքային անբավարարություն, ռիթմի սուր խանգարումներ, ուշագնացություններ, որոնք կարող են կապված լինել կամ սրտի հաղորդականության խանգարումների հետ, կամ էլ ուղեղի արյան շրջանառության խանգարումների հետ)։ Այդ իսկ պատճառով հեղձուկային ցավային նոպայի բացակայությունը չի կարող հիմք հանդիսանալ սրտամկանի ինֆարկտի բացառման համար, մանավանդ եթե գործ ունենք տարեց հիվանդների հետ։ Սրտամկանի ինֆարկտի ցավային զգացման իջեցման պատճառ կարող է լինել նաև շաքարախտը` նյարդային համակարգի կառուցվածքներում վերջինիս ժամանակ հաճախ հանդիպող փոփոխությունների հետևանքով։

Ոչ բնորոշ կլինիկական ձևեր

Սրտամկանի ինֆարկտի ժամանակ կարող է գերիշխել հեղձուկային (ասթմատիկ) բաղադրիչը (ասթմատիկ վիճակ, հևոց, շնչական անհարմարության ծանր զգացում, «օդի պակաս», «շունչ քաշելու» կարիք)։ Սովորաբար դա դիտվում է բազմամյա ստենոկարդիայի ժամանակ, երբ նոպաների ցավային բաղադրիչը աստիճանաբար մարում է և փոխարինվում հեղձուկայինով, դառնալով միակ զգացումը ոչ միայն ստենոկարդիայի, այլ նաև սրտամկանի ինֆարկտի ժամանակ։
Սուր սրտային անբավարարությունը, սրտածին թմբիրը (կոլապսը), սրտի սուր, ընդհուպ մինչև մահացու անռիթմիաները սուր նոպայի բաղադրիչներ չեն, այլ սրտամկանի ինֆարկտի բարդություններ են։ Ամեն դեպքում նրանց ախտորոշիչ նշանակությունը սրտամկանի ինֆարկտի դեպքում բավականին բարձր է, քանի որ բարդությունների բնույթը ոչ հազվադեպ կարող է լինել սրտամկանի ինֆարկտի «այցեքարտը»։ Երբեմն նշված բարդություններն են լինում սրտամկանի ինֆարկտի առաջին կլինիկական ախտանիշը։

Երկրորդ օրվա նշաններ

Սրտամկանի ինֆարկտի ժամանակ էական ախտորոշիչ նշանակություն ունեն նաև այսպես կոչված երկրորդ օրվա նշանները, դրանք սրտամկանի ինֆարկտի այն կլինիկական արտահայտություններն են, որոնք առաջանում են սուր նոպան անցնելուց հետո։ Մանվանդ մեծ նշանակություն ունի տենդի առաջացումը ցավային նոպայից մեկ օր անց, անկախ մարմնի ջերմության բարձրացման աստիճանից։
Այսպես կոչված էպիստենոկարդիտիկ պերիկարդիտը (սրտակրանքաբորբը) սովորաբար ավելի ուշ է դիտվում։ Սրտակրանքի հակազդման օջախային բնույթը և նրա անցողիկությունը այդ ախտանիշը դարձնում են հազվադեպ նույնիսկ առաջային տեղակայման ինֆարկտների ժամանակ։ Սրտակրանքի քսման աղմուկը հնարավոր է լսել հեղձուկային նոպայից առնվազն մեկ օր անցնելուց հետո, առավել հաճախ՝ երկրորդ-երրորդ օրվա ընթացքում։

 

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook