Friday, May 3, 2024
Նորություններ

Վարչապետը այցելել է գյումրեցի 13-ամյա ծեծված երեխային, որը շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է գյումրեցի 13-ամյա ծեծված աղջկան, որը շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին Փաշինյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում՝ հրապարակելով նաև լուսանկար:

«Այսօր այցելեցի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գտնվող, գյումրեցի 13-ամյա Նազելի Խաչատրյանին։ Շատերս ենք ցավում այս աղջնակի և նրա սպանված մայրիկի համար, բայց եկեք ի վերջո խոստովանենք, որ այս աղջնակն ու նրա մայրը զոհ են նաև այն մտայնության, թե բռնությունն ընդհանրապես և կանանց նկատմամբ բռնությունը՝ մասնավորապես, կարող է ունենալ որևէ արդարացում»,- գրել է Փաշինյանը:

Հիշեցնենք, որ 2020 թվականի մարտի 5-ին «Գյումրու շտապ բուժօգնության կայան» ՓԲ ընկերությունից Գյումրի քաղաքի Մուշի բաժին  ահազանգեր են ստացվել այն մասին, որ Գյումրի քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկում մահացել է նույն տան 42-ամյա բնակչուհին, իսկ նրա 12-ամյա դուստրը՝ «տրավմատիկ շոկ, գանգուղեղային փակ վնասվածք» ախտորոշմամբ, տեղափոխվել է բուժօգնության:

Դեպքի վայր մեկնած իրավապահները նշված տանը հայտնաբերել են նույն տան 42-ամյա բնակչուհու դին՝ բռնության հետքերով, ինչպես նաև՝ վերջինիս ծանոթ, Գյումրի քաղաքի 28-ամյա բնակչին: Վերջինս առերևույթ հանցագործությունը կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել և խոստովանել, որ ինքն է ծեծի ենթարկել 42-ամյա կնոջը և նրա անչափահաս դստերը: Նույն օրը հանցագործությունը կատարելու կասկածանքով նա ձերբակալվել է:

Նյութը ՝ tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook