Աշխարհահռչակ մի շարք բժիշկներ՝ Երևանում. տեղի ունեցավ IHC Armenia-2019 գիտաժողովը
Հուլիսի 3-ին առաջին անգամ Երևանում տեղի ունեցավ International Hernia Collaboration Armenia-2019 կրթական գիտաժողովը՝ նվիրված ճողվածքների և որովայնի առաջնային պատի վերականգնողական վիրաբուժության արդի մեթոդներին:
Գիտաժողովն իրականացվում է ամերիկահայ ընդհանուր վիրաբույժ Թալար Թեջիրյանի նախաձեռնությամբ:
«Ես International Hernia Colloboration-ի (IHC) անդամ եմ, և երբ նախապատրաստվում էինք հերթական ժողովին, առաջարկեցի այս անգամ այն անցկացնել Հայաստանում: Համաձայնեցին: Այդպես սկսեցինք աշխատանքները Հայաստանում ժողով իրականացնելու համար: Գիտաժողովի շրջանակում Հայաստան եկած աշխարհահռչակ բժիշկները հայ մասնագետներին կներկայացնեն ոչ միայն իրենց փորձը, այլ նաև ոլորտի նորարարությունները»,-ասաց Թալար Թեջիրյանը:
Գիտաժողովին մասնակցում էր ավելի քան 150 վիրաբույժ 20 երկրից: Նրանք մասնագիտական իրենց փորձը, ինչպես նաև ոլորտի վերջին նորարարությունները ներկայացրին գործընկերներին:
«Ես ճանաչում եմ շատ հայ բժիշկների, նրանից մեկն իմ լավ գործընկեր Լևոն Գրիգորյանն է: Հուսով եմ՝ այս գիտաժողովի շրջանակում կծանոթանանք այլ հայ վիրաբույժների հետ, որոնց հետ մեր համագործակցությունը շարունակական կլինի: Իսկ այս գիտաժողովի միջոցով ցանկանում ենք մեր փորձը ներկայացնել հայ բժիշկներին»,- ասաց կոնֆերանսի բանախոս վիրաբույժ և ճողվածքաբան Շիրին Թոֆիգը:
Կրթական նախագծի նպատակն է հնարավորություն տալ հայ վիրաբույժներին հենց Հայաստանում ծանոթանալ համաշխարհային ճանաչում ունեցող վիրաբույժների հետ:
«Գիտաժողովը կարևոր է այնքանով, որ սրա միջոցով հնարավորություն եղավ Հայաստան բերել և կիրառել այն քիչ հայտնի լապարոսկոպիկ մեթոդները, որոնք ապահովում են էլ ավելի լավ արդյունքներ: Այս մեթոդներից որոշները կիրառվում են Հայաստանում, որոշներն էլ նոր են ներդրվում Հայաստանում: Իհարկե, մշտապես պետք է թարմացնել մեթոդներն ու գործիքակազմը, որի ճանապարհներից մեկն էլ սա է»,- ասաց կոնֆերանսի բանախոս ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբույժ Լևոն Գրիգորյանը:
Հուլիսի 4-ին աշխարհահռչակ վիրաբույժները Հայաստանում կիրականացնեն նաև ճողվածքների բարձր տեխնոլոգիական լապարոսկոպիկ միջամտություններ, այդ թվում՝ բացառիկ վիրահատություններ, որոնք ուղիղ միացմամբ կհեռարձակվեն IHC Armenia-ի ֆեյսբուքյան էջում: Իսկ հուլիսի 5-ին առաջին անգամ Հայաստանում կիրականացվի կին վիրաբույժների հանդիպում-ընթրիք, որը հնարավորություն կտա ձևավորել կին վիրաբույժների համայնք:
Նյութը` tert.am