Բրոնխիալ ասթմա
Բրոնխիալ ասթման (ԲԱ) ստորին շնչառական ուղիների բարձր ռեակտիվությունն է տարբեր ազդակների նկատմամբ՝ շնչառության դժվարության Էպիզոդիկ և վերադարձելի օբստրուկտիվ նոպաներով, որոնք կարող են լինել թեթև արտահայտվածությունից՝ առանց հիվանդի ակտիվության սահմանափակման, մինչև ծանր և կյանքի համար վտանգավոր:
Շնչուղիների մի քանի օր կամ շաբաթ տևող օբստրուկցիան հայտնի է որպես status asthmaticus:
Հիմնական խանգարումը շնչուղիների գերզգայնությունն է որոշ սպեցիֆիկ գործոնների նկատմամբ: Բոլոր հիվանդների մոտ դիտվում է բրոնխների նեղացում:
Որոշ հիվանդների մոտ զարգանում է ալերգիկ ԲԱ, և վիճակի սրացումը կախված է օրգանիզմի վրա տարբեր ալերգենների ներգործության ազդեցությունից: Եթե անամնեզում չեն նշում ալերգիա, և զգայուն չեն հատուկ ալերգեններով մաշկային և ինհալացիոն թեստերին, բրոնխիալ ասթման սուր շնչառական հիվանդությունների հետևանք է:
Որոշ հիվանդների մոտ էլ ԲԱ պատճառներն են՝ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, օրգանիզմի ուժեղ սառեցումը կամ մասնագիտական անբարենպաստ գործոնները: Շնչառության վատացումը կարող է արտահայտվել նաև սթրեսների արդյունքում:
Ախտանշանները
- շնչառության դժվարացում,
- սուլող խզոցներ, որոնք լսում են տարածության վրա,
- հևոց,
- չոր, նոպայաձև հազ,
- տենդ,
- խորխի առկայություն,
- այլ ալերգիկ ախտանիշներ:
Նպաստող գործոնների առկայության դեպքում (ալերգեններ, վարակներ և այլն) հնարավոր են գիշերային նոպաներ: Նոպաներն անցնում են դեղորայքային բուժմամբ, որը պետք է անպայման նշանակվի բժշկի կողմից:
Տարբերակիչ ախտորոշումը
Հարկ է տարբերակել քրոնիկ բրոնխիտից, էմֆիզեմայից, օտար մարմնի արդյունքում առաջացած վերին շնչուղիների օբստրուկցիայից, ուռուցքից, կոկորդի այտուցից, կարցինոզ ուռուցքներից, թոքերի կրկնվող էմբոլիայից, էոզինոֆիլային թոքաբորբից, ձայնալարերի դիսֆունկցիայից, թոքերի ախտահարմամբ ընթացող համակարգային վասկուլիտից և այլն:
Բուժումը
Նպաստող գործոնը բացառելուն զուգահեռ օգտագործում են 5 խմբի դեղորայք.
- B- ադրեներգիկ սիոնիստներ,
- մեթիլքսանտիններ,
- գլյուկոկորտիկոիդներ
- նատրիումի կրոմոլին (ինտալ), որը բրոնխոլայնիչ չէ և չի նշանակվում սուր նոպայի ժամանակ, օգտագործվում է կանխարգելիչ նպատակով,
- հակախոլինէրգիկ միջոցներ. բրոնխոլիտիկներ, խորխաբերներ:
Մշտական բուժումը
- B-ադրենոխթանիչներ,
- ախտանշանների պահպանման դեպքում` հակաբորբոքային պատրաստուկներ (գլյուկոկորտիկոիդներ կամ բջջային թաղանթը կայունացնողներ),
- բուժման վերահսկողության համար կատարվում են թոքերի գործառույթները որոշող թեստեր:
Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am