Էպիլեպտիկ ցնցումներ․Ինչ չանել ցնցումների ժամանակ
Ինչ չանել ցնցումների ժամանակ
Ամենակարևորը․ ի՞նչ չանել
Ոչ մի բան մի՛ մտցրեք երեխայի բերանը (օրինակ՝ գդալ)։ Դրանով նրան չեք օգնի՝ մինչդեռ կարող եք կոտրել ատամները։
Մի՛ փորձեք բռնել լեզուն, նա, հաստատ, «լեզուն կուլ չի տա»։ Փոխարենը բերանի մկանների ակամա կծկումների արդյունքում երեխան կարող է կծել ձեր ձեռքը։
Մի՛ փորձեք ցնցումը դադարեցնելու համար բռնել ձեռքերը կամ ոտքերը․ դուք չեք կարող դադարեցնել ցնցումը, փոխարենը կարող եք սեղմել, ցավեցնել, կապտուկներ առաջացնել։
Մի՛ փորձեք ցնցման ընթացքում որևէ հեղուկ կամ դեղամիջոց տալ։
Ցնցումները դադարելուց հետո սպասեք մինչև գիտակցությունը վերականգվի, հետո միայն կարող եք ուտելու կամ խմելու բան առաջարկել։
Ցնցումներից դուրս՝ էպիլեպսիա ունեցող երեխաները լիարժեք կյանքով ապրող երեխաներն են, ուստի կարիք չկա նրանց կյանքը բարդացնել ավելորդ ուշադրությամբ։ Լիովին բավարար է տիրապետել վերը թվարկած կանոններին և անհրաժեշտության դեպքում օգնել նրան։
Մի քանի խորհուրդ էպիլեպսիա ունեցող երեխաների ծնողներին․
Դուք չեք կարող ամեն վայրկյան երեխայի կողքին լինել, ուստի շատ կարևոր է, որ տեղեկացնեք երեխայի շուրջը գտնվող այլ մարդկանց (հարազատներին, ուսուցիչներին) երեխայի խնդրի մասին և հուշեք, թե ի՞նչ պետք անել և ի՞նչ պետք չի անել ցնցումների ժամանակ։ Խնդիրը թաքցնելը, հաստատ, հօգուտ երեխայի չէ։
Ցնցումներին ականատես լինելը վախեցնող կարող է լինել նաև շրջապատի այլ երեխաների համար, ուստի մանկավարժի, մանկական հոգեբանի (եթե տարիքը թույլ է տալիս՝ նաև երեխայի) հետ որոշեք, թե ինչպե՞ս, ի՞նչ բառերով, ե՞րբ կարող եք նրանց էլ տեղեկացնել ձեր երեխայի խնդրի մասին և սովորեցնել, թե ի՞նչ կարող են իրենք անել, ո՞ւմ տեղեկացնել։
Սովորեցրեք երեխային հանգիստ, պարզ, հասկանալի բառերով ներկայացնել իր խնդիրը և շրջապատի մարդկանցից ակնկալվող գործողությունները։ Որքան հանգիստ ու առանց ավելորդ էմոցիաների խոսեք երեխայի հետ խնդրի մասին՝ այնքան օգնած կլինեք նրան վստահ ու լիարժեք ապրել։
___________