Sunday, May 5, 2024
ՀիվանդություններՆորություններ

Ինչ հիվանդությունների մասին կարող է հուշել մարդու լեզուն

Առողջական ցանկացած խնդրի դեպքում մարդու օրգանիզմը միշտ հուշում է դրա մասին այս կամ այն ախտանշանի միջոցով, ուստի դրանց ուշադրություն դարձնելը կօգնի ժամանակին հայտնաբերել խնդիրն ու միջոցներ ձեռնարկել։ Ընդ որում՝ երբեմն միայն մարդու լեզուն զննելն անգամ բավական կլինի նրա առողջական վիճակի մասին պատկերացում կազմելու համար։ Այս մասին Daily Mail պարբերականի հետ զրույցում նշել են ավստրալացի գիտնականները։

Մասնագետների խոսքով՝ որոշ հիվանդություններ հայտնաբերելու համար պարզապես հարկավոր է ուշադիր նայել մարդու լեզվին։ Օրինակ՝ չի կարելի անտեսել սպիտակ փառը, որը կարող է պայմանավորված լինել ինչպես վատ հիգիենայով ու ալկոհոլի և ծխախոտի գործածությամբ, այնպես էլ բերանի խոռոչում ընթացող ախտաբանական խնդիրներով։ Եթե նման սպիտակ փառը պահպանվում է մինչև երկու շաբաթ, ապա հարկավոր է անպայման դիմել մասնագետին ու բուժզննում անցնել։ Նման ախտանշանը կարող է հուշել սնկային ախտահարման կամ լեյկոպլակիայի՝ բերանի խոռոչի լորձաթաղանթներն ախտահարող հիվանդության մասին։

Վտանգավոր խանգարումների մասին կարող է հուշել նաև լեզվի մուգ կարմիր գույնը, որի դեպքում լեզուն նմանվում է ելակի։ Նման փոփոխությունը սովորոբար պայմանավորված է լինում ալերգիկ ռեակցիայով կամ օրգանիզմում ֆոլաթթվի պակասով։ Եթե այս ախտանշանն ուղեկցվում է նաև կոկորդի բորբոքմամբ, ապա մեծ է ֆարինգիտի (ըմպանաբորբ) կամ քութեշի հավանականությունը։

Չի կարելի անուշադրության մատնել նաև լեզվին բշտիկների ու անհարթությունների առաջացումը, ինչը կարող է պայմանավորված լինել հերպեսով։ Բացի այդ, շատ վտանգավոր կարող է լինել նաև լեզվի այտուցվածությունն ու զգայունության կորուստը։ Նման արտասովոր ախտանշանները սովորաբար պայմանավորված են լինում որոշակի ըմպելիքների կամ սննդամթերքի գործածությամբ, սակայն եթե դրանք պահպանվում են երկար ժամանակ, ապա հարկավոր է դիմել մասնագետին վտանգավոր հիվանդությունների հավանականությունը բացառելու համար։

Նյութը`  med.tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook