Tuesday, May 7, 2024
ՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Պայքար քաղցկեղի դեմ. վաղ դիմելիության արդյունքում մարդիկ չեն մահանում

Կանանց անձնական պատերազմները քաղցկեղի դեմ

Քաղցկեղի բուժումից հետևանք մնացած առանց մազերի լուսանկարները մեկ տարի առաջ Աստղիկ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում էր հրապարակել և գրել. «Եկել եմ առաջին անգամ շա՜տ անձնական թեմայով կիսվելու… կիսվելու՝ հույսով, որ իմ օրինակը հնարավոր է ձեզնից մեկի կյանքը փրկի, ինչպես իմը փրկվեց ուրիշի օրինակի շնորհիվ»:

Զաքարյանը հիշում է, որ տարիներ առաջ ծանոթներից մեկի մոտ կրծքագեղձի քաղցկեղ էին հայտնաբերել ու մազից կախված կյանքը հրաշքով էին հասցրել փրկել: Այդ պատմությունից վախեցած, չունենալով որևէ առողջական խնդիր կամ կասկած, չունենալով քաղցկեղով հիվանդ բարեկամներ, տասը տարուց ավելի ամեն տարի մոր ու քույրերի հետ պարտադիր գնացել են կրծքագեղձի պրոֆիլակտիկ հետազոտման. «տևում էր ընդամենը տասը րոպե ու միշտ ավարտվում էր «խնդիր չունեք, հաջողություն» խոսքով: Միշտ, մինչև 2020-ի հերթական այցը»:

2020 թվականի հուլիսի 22-ն անսպասելիորեն դառնում է երիտասարդ կնոջ անձնական պատերազմի սկիզբը։ Հետազոտությունները հաստատում են`չարորակ ուռուցք, ագրեսիվ տեսակ, սկզբնական փուլ, դեռ առանց տարածվածության (մետաստազների):

Վեց ամսում տասնութ քիմիա ստանալուց հետո Զաքարյանը վիրահատվում է։

«Ուռուցքը սպանեցին, հետո վիրահատեցին։ Հիմա լավ եմ, նույնիսկ դեղեր չեմ խմում։ Երեք ամիսը մեկ գնում եմ ստուգումների։ Ինձ մոտ քաղցկեղը մի կրծքում էր ու շատ փոքրիկ, բայց որպեսզի համոզված ու հանգիստ լինեմ, որ երբևէ չի կրկնվի, երկու կրծքի կրծքագեղձը հեռացրել եմ, և տեղադրել իմպլանտներ։ Լուսանկարներս տեղադրեցի վիրահատությունից հետո, որպեսզի մարդիկ տեսնեն, կարդան իմ սեփական պատմությունն ու ստիպեն իրենց գնալ պարբերաբար ստուգվելու»,- պատմում է 41-ամյա Զաքարյանը։

Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի ռադիոլոգիայի բաժնի ղեկավար Անի Հակոբյանը նշում է. չնայած դժվար է հայ կնոջը կտրել խոհանոցից, հոգսերից, ընտանիքից ու բերել հետազոտման, այնուամենայնիվ, ամենամյա հետազոտությունը պարտադիր է։

«Այսօրվա ժամանակակից սարքավորումները թույլ են տալիս միլիմետրանոց փոփոխությունները տեսնել, իսկ դրանք համարվում են նախաքաղցկեղներ, վաղ քաղցկեղներ, որոնց դեպքում կանայք խուսափում են քիմիայից ու ճառագայթից»,- ասում է Հակոբյանը։

Նա նշում է, որ 2000-ականների սկզբի վիճակագրությունը ցույց էր տալիս, որ կանայք դիմում էին բժշկի բավականին ուշացած` երրորդ ու չորրորդ փուլերում, այսօր արդեն հայտնաբերված քաղցկեղների 40-60 տոկոսը վաղ փուլերում են։

«Նախնական և առաջնային փուլերում մարդու կյանքը խաթարվում է փոքրիկ վիրահատական միջամտություններով, բայց եթե գործընթացը զարգանում է ու ձևավորվում է քաղցկեղ, ապա խնդիրները մեծանում են։ Իհարկե, հիմա հնարավորությունները շատ մեծ են ու մենք շատ լավ արդյունքներ ունենք նաև քաղցկեղի բուժման առումով, նույնիսկ երրորդ ու չորրորդ փուլերում, բայց եթե համեմատում ենք նախաքաղցկեղի կամ վաղ քաղցկեղի հետ, բնականաբար, այստեղ  ավելի հեշտ ենք հասնում արդյունքի, և հետագա ապրելիության ցուցանիշը շատ ավելի բարձր է»,- ասում է Հակոբյանը։

Ըստ նրա՝ քաղցկեղի հանդիպման հաճախականությունը դիտվում է հիմնականում 60-անց կանանց մոտ, դրանք այն կանայք են, ովքեր երբեք չեն հետազոտվել։ Ամենախոցելի խումբը 45-55 տարեկաններն են։ Հենց այս տարիքային խմբում էլ հայտնաբերում են նախաքաղցկեղն ու վաղ քաղցկեղը՝ թույլ չտալով, որպեսզի 60 տարեկանում արդեն վերածվի լուրջ շոշափվող գոյացության։

40-ամյա Գայանե Արզումանյանը դեռևս 2011-ին պատահաբար թևատակի հատվածում գնդիկներ է սկսում զգալ։ Հետազոտությունից հետո, բժիշկներն ասում են. «Կիստաներ են, վախենալու չեն»։  Այնուհանդերձ, հետևողական լինելով, ամեն տարի այցելել է հետազոտության։ 2019-ին, հերթական հետազոտությունից հետո, նրա մոտ հայտնաբերում են ուռուցք` նախաքաղցկեղային փուլում։

«Ե՛վ վախենում էի, և՛ ինքս ինձ հույս տալիս։ Սկսեցի գրքեր կարդալ, բուդիստական գրականություն, փորձում էի հասկանալ ինչ է մահը։ Ինձ նախապատրաստում էի, որ մահով չի ավարտվում ամեն ինչ, և նույնիսկ հասել էի նրան, որ գուցե, տիեզերքն ինձ հնարավորություն է տալիս նորից ծնվելու ու նորից սկսելու։ Երբ բիոպսիա արեցին ու ես սպասում էի  պատասխանին, ահավոր մի շաբաթ էր, իմ ներսում պայքարում էին հուսահատությունն ու հույսը»,- հիշում է Գայանեն։

Նա պատմում է, որ ուռուցքը հայտնաբերեցին 2019-ի նոյեմբերին, վիրահատեցին` դեկտեմբերին։

«Շատ կարևոր է, երբ հավատում ես քեզ բուժող բժշկին։ Երբ տեսա նրան, մի տեսակ ներքին վստահություն զգացի։ Վիրահատությունից հետո չորս շաբաթ ճառագայթային բուժում եմ ստացել։ Վերջին ճառագայթից հետո բժիշկն ինձ ասաց՝ հաշվիր, որ լրիվ առողջ ես։ Հիմա վեց ամիսը մեկ այցելում եմ սոնոգրաֆիկ հետազոտության, տարին մեկ՝ մամոգրաֆիայի։ Իրականում, չեմ ուզում այդ մասին հիշել, վախենում եմ կրկնվելուց։ Ամեն ստուգմանը մտածում ես, հանկարծ չասեն նորից դրական։ Եթե վաղ շրջանում չդիմեի բժիշկներին, չգիտեմ ինձ ինչ էր սպասվելու։ Կանանց մի տեսակ էլ կա, որ ասում է, չմտածենք դրա մասին, կանցնի, բայց միշտ չէ, որ մեր օրգանիզմը կարող է հաղթահարել խնդիրները»,-պատմում է Արզումանյանը:

Ըստ մասնագետների՝ վերջին տարիներին երիտասարդացել է կրծքագեղձի քաղցկեղը։

Անի Հակոբյանը բացատրում է՝ այդպիսին է իրավիճակն աշխարհում․

«Կրծքագեղձը հորմոն կախյալ օրգան է, և շատ խոցելի է հորմոնային փոփոխությունների հանդեպ, քանի որ մեր կանայք իրենց կյանքի ընթացքում կրում են բազմաթիվ հորմոնալ վայրիվերումներ, այս դեպքում իրենց համար կուրծքը համարվում է օրգան թիրախ։ Այդ է պատճառը, որ եթե տղամարդկանց դեպքում գերիշխում է շագանակագեղձի կամ թոքի քաղցկեղը, ապա կանանց մոտ կրծքագեղձն է»։

Կրծքագեղձի քաղցկեղը չի ճանաչում ո՛չ տարիք, ո՛չ սոցիալական վիճակ։ Այն հանդիպում է և՛ բազմազավակ, և՛ չծննդաբերած կանանց մոտ, և՛ կերակրած։ Սակայն ընդհանուր հաշվով կան պատճառներ, որոնք նպաստում են հիվանդությանը։

«Ողջունելի է մեր կանանց ցանկությունը աշխատել, կայանալ ու նոր ամուսնանալ, բայց կա հստակ ֆիքսված փաստ, որ քաղցկեղի ռիսկն ավելանում է, եթե կինը չի ծննդաբերում մինչև 30 տարեկանը, այսինքն` ռիսկը քչանում է, եթե ծննդաբերում է առաջին անգամ մինչև երեսուն, եթե շատ երեխաներ է ունենում` մինչև 35 տարեկան»,- ասում է Հակոբյանը՝ հավելելով, որ հորմոնալ պրեպարատների, հակաբեղմնավորիչների ոչ գրագետ ընդունումը, աբորտները, վիժումները,  տրավմաները, սթրեսները որքան շատ, այնքան խոցելի են կանայք։

Բժիշկը ցավով արձանագրում է, որ 2020-ի Արցախյան պատերազմից հետո որդեկորույս շատ մայրերի մոտ հայտնաբերվել է քաղցկեղ․ «Միանգամից գլուխ են բարձրացրել մաստոպատիանները, մենք դա անմիջապես զգում ենք»։

 

Կանայք Հայաստանում դեռևս մահանում են արգանդի պարանոցի քաղցկեղից

2011-ին կառավարության կողմից հաստատվել է չարորակ նորագոյացությունների դեմ պայքարի ռազմավարական ծրագիրը: 2015-ի հունվարից էլ գործում է Համաշխարհային բանկի հետ համատեղ իրականացվող «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագիրը, որի շրջանակներում կանայք կարող են պոլիկլինիկաներում անվճար սքրինինգային հետազոտություն անցնել արգանդի պարանոցի քաղցկեղի վաղ հայտնաբերման և կանխարգելման նպատակով: Այս տիպի քաղցկեղի կանխարգելմանն են ուղղված նաև 2017-ի դեկտեմբերին մեկնարկած պատվաստումները մարդու պապիլոմա վիրուսի դեմ, որը արգանդի պարանոցի քաղցկեղի առաջացման պատճառներից է:

Հայ-Ամերիկյան Առողջության Կենտրոնի գինեկոլոգիայի բաժնի վարիչ Մարինա Ոսկանյանը նշում է՝ արգանդի պարանոցի քաղցկեղն աշխարհում իր հաճախականությամբ զբաղեցնում է երկրորդ տեղը կրծքագեղձի քաղցկեղից հետո։ Ու չնայած այսօր կան բոլոր հնարավորությունները արգանդի նախաքաղցկեղը ախտորոշելու և լիարժեք բուժելու, սակայն կանայք Հայաստանում դեռևս մահանում են արգանդի պարանոցի քաղցկեղից։

«Ցանկացած օնկոլոգիական հիվանդություն ունի լռության փուլ, այդ ընթացքում ոչ մի գանգատ չի լինում, իսկ երբ գանգատ է լինում, նշանակում է զարգացած փուլն է։ Հարկավոր է կանխարգելել ընդամենը ՊԱՊ քսուկ հանձնելով։ Այս քսուկով կարող ենք ախտորոշել արգանդի պարանոցի ցանկացած փոփոխություն՝ զրոյից մինչև ամենածանր աստիճանի նախաքաղցկեղ և քաղցկեղ»,- ասում է Ոսկանյանը։

Ըստ նրա, եթե յուրաքանչյուր կին իր կյանքի ընթացքում հանձնի ինը հատ ՊԱՊ քսուկ, ապա արգանդի պարանոցի քաղցկեղի չառաջանալը կհասցնի 99 տոկոսի։ Բժիշկն ասում է, որ վերջին տարիներին արգանդի պարանոցի նախաքաղցկեղների թիվը բավականին աճել է, ինչը լավ ցուցանիշ է, այսինքն կանայք դիմում են առանց գանգատի, նախաքաղցկեղային փուլում։

«Ես միշտ ասում եմ՝ արգանդի պարանոցի քաղցկեղն այն լավ քաղցկեղներից է, որը հնարավոր է ախտորոշել նախաքաղցկեղային փուլում։ Ցուցանիշի բարձրացումը կապված է կանանց դիմելիության բարձրացման հետ, բրավո մեր կանանց, քանի որ բավականին փոխվել է այդ մշակույթը»,-ասում է գինեկոլոգը։

 

Սքրինինգային ծրագրերը կյանքեր են փրկում

2020-ին Վիկտոր Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում փորձնական իրականացվել է անվճար  սքրինինգային ծրագիր` 45 տարին լրացած քաղաքացիների համար։ Հետազոտված 699 բուժառուներից 81-ի մոտ հայտնաբերվել է հաստ աղիքի քաղցկեղ, 159-ի մոտ՝ հաստ աղիքի բարորակ գոյացություններ։ Կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանի խոսքով՝ մի մասի մոտ հենց կոլոնոսկոպիայի ընթացքում նմանատիպ գոյացությունները հեռացվել են։

«Նաև հաստ աղու վաղ քաղցկեղային շրջանում էնդոսկոպիկ եղանակով ենք հեռացրել՝ շրջանցելով մեծ վիրահատությունն ու քիմիաթերապիան: Առողջապահության նախարարության կողմից անվճար սքրինինգային ծրագիր է լինելու, որը դարձյալ կիրականացվի մեր ու ևս մեկ բուժհաստատությունում։ Ընդհանրապես, ժամանակակից ուռուցքաբանությունում սքրինինգային ծրագրերը շատ կարևոր են։ Սքրինինգն ապահովում է ուռուցքի հայտնաբերումը այն ժամանակ, երբ մարդը խնդիրներ չունի։ Լուծվում է երկու կարևորագույն հարց` բազմապատիկ անգամ մեծացնում է հնարավորությունը ամբողջությամբ բուժվելու, մինչդեռ մեկ կամ երկու տարի հետո հայտնաբերվելու դեպքում հաստատ չէր բուժվելու»,- բացատրում է Մանուկյանը՝ շեշտելով, որ պետության համար ծախսարդյունավետության տեսանկյունից սքրինինգային ծրագրերը շատ ավելի մատչելի են, քան այդ հիվանդության հետագա բուժումը:

Մեկ տարի առաջ պետության կողմից իրականացվել է նաև կրծքագեղձի փորձնական սքրինինգային ծրագիր Լոռու մարզում։ Սքրինինգային մամոգրաֆիա են անցել 770 կին, նրանցից 80-ի մոտ հայտնաբերվել է այնպիսի վիճակ, երբ արդեն վիրահատական միջամտության կարիք է եղել։

«Հաջորդը Սյունիքն է, սքրինինգային ծրագրերը փրկում են մարդկային բազմաթիվ կյանքեր»,- ասում է Մանուկյանը։

 

Բժշկին դիմելու «հայավարի» մշակույթը կրճատում է կյանքը

Նարեկ Մանուկյանն ասում է, որ աշխարհում ընդունված է՝ մարդիկ խնդիր չունեն, բայց դիմում են բժշկի, ստուգվում, մինչդեռ Հայաստանում նույնիսկ խնդրի սկզբնական փուլում չեն դիմում։

«Մարդը երկու տարի որովայնում խնդիրներ է ունենում, բայց դեռ համառորեն մտածում է կանցնի, ու մեկ էլ հայտնաբերվում է աղիքի ուռուցք՝ չորրորդ փուլում։ Առաջին, երկրորդ փուլում, միանշանակ, մեծ են բուժման հնարավորությունները, եթե լրիվ չի էլ բուժվում, կյանքի տևողությունն է երկարացվում»,-ասում է Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենն ու բացատրում, որ ժամանակակից ուռուցքաբանության առաջնային նպատակը բուժելն է, սակայն եթե արդյունքները չեն բավականացնում, աշխատում են կյանքի տևողությունը երկարացնելու ուղղությամբ, մինչդեռ հիվանդության չորրորդ փուլում այս հավանականությունը զրո է դառնում:

Մանուկյանը նկատում է, որ վերջին շրջանում թեև կանայք ավելի վաղ են սկսել դիմել բժշկի, ժամանակ առ ժամանակ ստուգումներ են անցնում, բայց, ամեն դեպքում, նշաձողին, որին  ձգտում են, դեռ շատ հեռու են.

«Դրական է, որ ընդհանուր մեծացել է դիմելիությունը։ Առաջին, երկրորդ փուլերում, վաղ փուլերում ավելի շատ ուռուցքներ են հայտնաբերվում, և մեր բոլոր միջոցառումներն ուղղված են հանրության շրջանում իրազեկման բարձրացմանը»։

Առողջապահության ազգային ինստիտուտի տվյալների համաձայն՝ Հայաստանում 2020-ին հաշվառվել է քաղցկեղ ունեցող 50.416 մարդ (ՀՀ ամեն 58-րդ բնակիչ, իսկ 2019թ․ տվյալներով՝ ամեն 68-րդ բնակիչ)։ Կյանքում առաջին անգամ հիվանդությունը հաստատվել է 6934 մարդու մոտ, հիմնականում՝ 50-ից բարձր տարիքային խմբերում, մահացությունը կազմել է 5300։ (2021-ի տվյալները դեռևս մշակման փուլում են)։

Ըստ մասնագետների՝ քաղցկեղով հիվանդացությունը կտրուկ աճում է հատկապես 35 տարեկանից հետո։ Եթե կանանց մոտ բարձր է կրծքագեղձի, արգանդի պարանոցի, ձվարանի քաղցկեղը, ապա տղամարդկանց շրջանում շնչափողի, բրոնխների, թոքի, միզապարկի, շագանակագեղձի քաղցկեղով հիվանդացությունը: Վերջին տարիներին զգալիորեն աճել է կոլոռեկտալ քաղցկեղը (հաստ աղու քաղցկեղ, ուղիղ աղու քաղցկեղ, աղիների քաղցկեղ, հաստ աղու տարբեր բաժիններից ծագած քաղցկեղի տեսակ) ինչն էլ պայմանավորում են նստակյաց կյանքով, անառողջ սննդով։

 

Շագանակագեղձի քաղցկեղի հիմքում չբուժված բորբոքումներն են

Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն, ուռուցքաբան-օրթոպեդ Ալեքսանդր Սեինյանն անդրադառնալով Հայաստանում տարածված շագանակագեղձի քաղցկեղին նշում է՝ այս տեսակի հիմքում ընկած են չբուժված բորբոքումները։

«Երբ լուրջ չեն վերաբերում ախտանշաններին, այդ ամենը բերում է քաղցկեղի։ Առաջանում է ադենոմա` բարորակ ուռուցք, որը հետագայում վերափոխվում է քաղցկեղի։ 45 տարեկանից հետո խորհուրդ ենք տալիս տղամարդկանց հետազոտվել ու հանձնել ՊՍՀ անալիզ (պրոստատ-սպեցիֆիկ հակածին), գոնե տարին մեկ անգամ»,-բացատրում է Սեինյանը։

Ուռուցքաբան-օրթոպեդը նշում է, որ ներկայումս շատ հաճախ հիվանդության երկրորդ փուլում է հայտնաբերվում խնդիրը, հիվանդության չորրորդ փուլում հիմնականում դիմում են տարեցները։

«Երկրորդ փուլում բուժման հավանականությունը բավականին մեծ է, մանավանդ եթե շագանակագեղձն ամբողջությամբ հեռացվում է, բավականին լավ արդյունքներ ենք ունենում,- ասում է ուռուցքաբանը՝ նշելով, սակայն, որ հիվանդությունը երիտասարդացել է․ եթե նախկինում խնդիրն ավելի հաճախ հանդիպում էր 50-55 տարեկանների մոտ, ապա հիմա 40-45 տարեկանների մոտ է հայտնաբերվում,- Երիտասարդներն ավելի ուշադիր են դարձել իրենց նկատմամբ, մի փոքր խնդրի դեպքում գալիս են ստուգման։ Ավելի լավ է գան ու մենք հերքենք»։

Ալեքսանդր Սեինյանը զբաղվում է նաև մկանային և ոսկրային ուռուցքներով։ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ոսկրային ուռուցքաբանության բաժանմունքում մասնագիտացված բուժում են ստանում ոսկրերի և փափուկ հյուսվածքների ինչպես չարորակ, այնպես էլ բարորակ ուռուցքներով հիվանդները: Յուրաքանչյուր տարի իրականացվում է մոտավորապես 210 վիրահատություն:

«Ոսկրային ուռուցքներն ամբողջ ուռուցքաբանության մեջ կազմում են 2 տոկոս, մկանային ուռուցքները՝ մոտավոր 2-3 տոկոս։ Ընդհանուր ուռուցքաբանության մեջ այս պաթոլոգիաները զբաղեցնում են 5-5,5 տոկոս։ Չարորակ ոսկրային ուռուցքներով հիվանդանում են հիմնականում մինչև 18, 20 տարեկանները։ Անցյալ տարի մոտավոր ունեցել եմ տասից ավել հիվանդ երեխա, լինում է շրջան, երբ տարեկան մեկ կամ երկու հիվանդ ենք ունենում»,- ասում է ուռուցքաբան-օրթոպեդը։

 

Մանկական ուռուցքաբանություն

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում մանկական քաղցկեղը համարվում է ոչ հաճախ հանդիպող պաթոլոգիա։ Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի մանկական ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավար, Երևանի պետական բժշկական համալսարանի ուռուցքաբանության ամբիոնի դասախոս Լիլիթ Սարգսյանը նշում է՝ Հայաստանը վիճակագրությամբ չի գերազանցում որևէ մեկ այլ երկրի։

«Հայաստանում տարեկան քաղցկեղով հիվանդանում է մինչև 18 տարեկան 80-100 երեխա, այդ տարի առաջին անգամ ախտորոշված դեպքերի մասին է խոսքը։ Դեպքերի 40 տոկոսը կազմում են լեյկեմիաները և սոլիդ ուռուցքները։ Մանկական սոլիդ ուռուցքների թիվը կազմում է տարեկան մոտավորապես 40-50 առաջնակի դեպք, որոնցից առավել հաճախ հանդիպողները կենտրոնական նյարդային համակարգի ուռուցքներն են, սարկոմաները և երիկամի ուռուցքները»,- ասում է մասնագետը։

Սարգսյանը նշում է, որ վերջերս շատ են ունենում երեխաներ Արցախից։ Այս պահին հետազոտություն են պատրաստում քաղցկեղը և պատերազմը թեմայով․

«Պատերազմը երկարատև խրոնիկ սթրես է, որն անհետևանք չի կարող մնալ, և մենք մեր հետազոտության արդյունքում փորձում ենք պարզել՝ արդյոք պատերազմից հետո քաղցկեղով հիվանդացության թվերը բարձրացել են, թե ոչ։ Ամբողջ աշխարհում է հայտնի, որ ապրելու վատ պայմանները, խրոնիկ սթրեսները կարող են հյուծել մարդու իմունային համակարգը, որը կբերի քաղցկեղի զարգացմանը»։

Ըստ բժշկի՝ մանկական քաղցկեղի պատճառածնությունն աշխարհին դեռևս հայտնի չէ, և չկան որևէ սքրինինգային ծրագրեր, որոնցով հնարավոր կլիներ կանխատեսել, կամ կանխարգելել մանկական քաղցկեղը։ Ունեն երեխա, որի մոտ ներարգանդային կյանքում է ախտորոշվել քաղցկեղ, ունեն երկու շաբաթական երեխա, վեց ամսական, տասնյոթ տարեկան։ Եվ հենց այստեղ ըստ Սարգսյանի՝ մանկական ուռուցքաբաններին պետք է օգնեն առաջնային օղակի բժիշկները, ովքեր պարտադիր պետք է ունենան օնկոլոգիական զգուշություն։

«Ենթադրենք՝ երեխան ունի որովայնի ցավեր, ոչ թե ամիսներով պետք է ստուգեն, այլ միանգամից ուղղորդեն դեպի մեր մասնագետների մոտ։ Որքան վաղ ախտորոշենք, այնքան լավը կլինեն մեր բուժման արդյունքները։ Բավականին շատ ենք տեսել ուշացած դեպքեր և սա անհաջողության ամենամեծ պատճառն է,- ասում է Սարգսյանը՝ շեշտելով, որ քաղցկեղի վաղ ախտորոշումն այսօր ամենակարևոր խնդիրն է,- Երբ նույն ուռուցքն ախտորոշվում է «լոկալ» փուլում, երբ դեռ չկան մետաստազներ, այդ ուռուցքը ունի 70 տոկոս կատարյալ առողջացման հնարավորություն, իսկ նույն ուռուցքը երրորդ կամ չորրորդ փուլում ախտորոշվելու դեպքում, երբ կան հեռակա մետաստազներ, այդ հնարավորությունը դառնում է 7-10 տոկոս, երբեմն էլ՝ քիչ»։

Ըստ բաժանմունքի ղեկավարի՝ մինչև 1995 թվականը Հայաստանում առողջանում էր քաղցկեղով հիվանդ երեխաների երեք տոկոսը, այսինքն հարյուր երեխայից` երեքը։ Մինչդեռ այսօր արդեն՝ ներդրված լավագույն մեխանիզմների շնորհիվ ապահովվում է գրեթե 75-80 տոկոս կատարյալ առողջացում, ինչը բժիշկը մանկական ուռուցքաբանությունում իսկական հեղափոխություն է համարում։

 

Պետությունն ու մասնավորն օգնում են հոգալ բուժման ծախսերը

Ուռուցքային հիվանդությունների վիրահատությունների գումարը նախկինում պետությունը փոխհատուցում էր մասամբ՝ հիմնականում սոցիալապես անապահով և առանձին խմբերում ընդգրկված անձանց, սակայն 2019-ից, անկախ հիվանդի սոցիալական խմբից, դրանք արվում են պետպատվերի շրջանակում։

Մասամբ վճարովի է ճառագայթային բուժումը: Սոցիալապես անապահով կամ հատուկ խմբերում չընդգրկված քաղաքացիների մոտ չարորակ նորագոյացություն հայտնաբերվելիս նշանակվում է ճառագայթային բուժում, որի դեպքում գործում է համավճարի սկզբունքը, այսինքն՝ հիվանդը վճարում է ծառայության արժեքի միայն մի մասը, իսկ մնացածը հոգում է պետությունը: Սակայն բարորակ հիվանդությունների դեպքում ճառագայթային բուժումը վճարովի է։ Մինչդեռ սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածների դեպքում ճառագայթային բուժման ծախսերը՝ թե՛ բարորակ, թե՛ չարորակ նորագոյացությունների դեպքում շարունակում է հոգալ պետությունը:

Կան նաև հիմնադրամներ, որոնք իրենց ներդրումն են ունենում այս թանկ բուժման ընթացքում։ Դրանցից ամենամեծը Սիթի օֆ Սմայլ/ Ժպիտների քաղաք հիմնադրամն է, ախտորոշման պահից սկսած աջակցում է քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաներին և մինչև 25 տարեկան երիտասարդներին։ Հիմնադրամը հոգում է ախտորոշիչ լաբորատոր բոլոր հետազոտությունների ծախսերը՝ ուղղված քաղցկեղի և արյունաբանական հիվանդությունների ընթացքի կառավարմանը, այդ թվում՝ հյուսվածքաբանական հետազոտություններ, իմունոհիստոքիմիական հետազոտություններ, բժշկի կողմից նշանակված այլ հետազոտություններ` քիմիաթերապիա (քիմիաթերապևտիկ և սիմպտոմատիկ դեղորայք), իմունոթերապիա, ճառագայթային բուժում, վիրահատական միջամտություն (ծառայություն և անհրաժեշտ պարագաներ), հիվանդների 4-անգամյա սնունդը հիվանդանոցում։

«Պետությունը նույնպես մեծ աջակցություն է ցուցաբերում, բայց պետությունն այդքան ռեսուրսներ չունի, նույնիսկ ամենահարուստ պետությունները չունեն։ Կան պաթոլոգիաներ որոնք ավելի մատչելի են, կան պաթոլոգիաներ, օրինակ սարկոմաները, ամբողջ բուժումը կազմում է 120 հազար դոլար մեկ երեխայի համար»,- ասում է Սարգսյանը։

Բժիշկը վստահեցնում է, որ այժմ Հայաստանում մանկական ուռուցքաբանության ոլորտում խնդիրներն առավելագույն լուծված են, արվում է հնարավոր ամեն բան, սակայն, իհարկե, լինում են դեպքեր, երբ ծնողները երկմտում են բուժումն իրականացնել արտերկրում։ Սարգսյանը բացատրում է, որ կենտրոնի բժիշկների փորձագիտական խմբի եզրակացությամբ է որոշվում՝ արդյոք տվյալ երեխան կարիք ունի բուժման այդ փուլն անցնել արտերկրում, եթե օբյեկտիվորեն դրա հնարավորությունները բացակայում են Հայաստանում։

«Ծնողներին մանրամասն բացատրում ենք՝ նույն այդ բուժումը հնարավոր է նաև Հայաստանում ստանալ։ Սակայն, իրավական առումով չկան լծակներ ծնողների վրա ազդելու համար։ Նրանք ասում են՝ ուզում ենք մեր երեխան դրսում բուժվի, դրամահավաք ենք անում ու տանում ենք, ո՞ւմ ենք խանգարում։ Բայց, իրականում, խանգարում են։ Մենք պայքարում ենք, որ արդար լինի, գնան այն երեխաները, որոնք իսկապես դրա կարիքն ունեն, ոչ թե այն երեխաները, որոնք կարող են այդ բուժումը լիարժեք ստանալ Հայաստանում, այն էլ առանց մի կոպեկ ծախսելու,- ասում է Սարգսյանը՝ նշելով, որ ի վերջո, Հայաստանից տարեկան մեկ կամ երկու երեխա է հեռանում, հիմնականում 99 տոկոսն այստեղ է բուժվում,- Իրականում, բուժված երեխաները շատ ավելի շատ են, քան չբուժվածները, և դա է մեզ օգնում աշխատել այս ծանր ոլորտում»։

Home

Leave a Reply

x Close

Like Us On Facebook