Friday, May 3, 2024
Հոգեբանի անկյունՆորություններ

Սպորտը և հոգեկան առողջությունը.8 կետ

Սպորտով զբաղվելն ու առողջությունը փոխկապակցված են։ Եվ որքան ավելի հետևողական ենք զբաղվում սպորտով, այնքան ավելի երկարատև օգուտներ է խոստանում այն:

⛷Սպորտը բարելավում է ֆիզիկական առողջությունը, օգնում կանխարգելել մի շարք հիվանդություններ և առողջական խնդիրներ՝
– սրտի հիվանդությունները,
– ինսուլտը, շաքարային դիաբետը,
– անգամ քաղցկեղի որոշ տեսակներ,
– ավելորդ քաշն ու գիրությունը,
– հիպերտոնիան և այլն:
Օգնում է ունենալ ավելի ձիգ մարմին, դարձնում ֆիզիկապես ավելի դիմակայուն ու կոփված:

Պարզվում է՝ այս բոլոր առավելությունների հետ մեկտեղ, սպորտը դրական է ազդում նաև հոգեկան առողջության վրա։ Ինչպե՞ս։

🧘‍♀️ Նվազեցնում է սթրեսի մակարդակը: Հետազոտությունները ցույց են տալիս, որ օրական անգամ 30 րոպե սպորտով զբաղվելը կարող է օգնել, որ մարդն իրեն ավելի հանգիստ զգա:

🚴‍♀️ Բարելավում է տրամադրությունը: Սպորտը նպաստում է ավելի ուրախ զգալուն։ Երբ մարդը սպորտային խնդիր է փորձում լուծել, օրինակ՝ բասկետբոլ խաղալիս, դահուկ քշելիս, տարածություն լողալիս, ստիպված է ակամայից մի կողմ դնել իր անհանգստություններն ու կենտրոնանալ առաջադրանքը կատարելու վրա:

🤼‍♂️Օգնում է բարելավել նաև սոցիալական հմտությունները: Թիմային սպորտային խաղերը, բացի հաճույք պատճառելուց, նաև զարգացնում են հաղորդակցման, համագործակցելու, ինչպես նաև կոնֆլիկներ լուծելու հմտությունները ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների դեպքում:

🎾 Օգնում է պայքարել կախվածությունների ու վնասակար սովորությունների դեմ: Սպորտով զբաղվող մարդիկ ավելի հազվադեպ են ունենում վնասակար սովորություններ՝ ալկոհոլի չարաշահում, ծխախոտի գործածում, այլ հոգեներգործուն նյութերի հանդեպ կախվածություն։

🏂 Հոգեկան առողջության խնդիրների դեպքում ևս սպորտն օգնում է ավելի հեշտ հաղթահարել դրանց առաջ բերած դժվարությունները: Օրինակ՝ դեպրեսիայի դեպքում բուժմանը զուգահեռ խորհուրդ է տրվում սպորտով զբաղվել։

🏆 Մեծացնում է հաջողությունների հասնելու մոտիվացիան։ Հետևողականորեն սպորտով զբաղվող մարդիկ ժամանակի հետ ավելի նպատակասլաց են դառնում, ինչն օգնում է ավելի հեշտությամբ լուծել նաև առօրեական խնդիրները:

🤗 Սպորտը լավ է ազդում անձի դրական ինքնագնահատականի կառուցման ու պահպանման վրա:
Սպորտի շնորհիվ ընդլայնում ենք պատկերացումները մեր մարմնի հնարավորությունների մասին: Ուղեղ-մարմին կապը, մոտիվացված միտքն ու պարբերական մարզումներն օգնում են ընդլայնել սեփական հնարավորությունների սահմանները՝ այդպիսով բարելավելով նաև ինքնագնահատականը:

🏀 Սպորտով կարելի է զբաղվել ինչպես մենակ, այնպես էլ ընկերներով, զուգընկերոջ կամ ընտանիքի հետ: Երեխաներին վաղ հասակից սպորտում ներգրավելու տարբերակ է պարբերաբար ընտանեկան սպորտային օրերի կազմակերպումը՝ միասին հեծանիվ վարելը, արշավի գնալը, վոլեյբոլ խաղալը, միասին լողավազան հաճախելը և այլն:

Ընտրեք այնպիսի ակտիվություն, որը ձեզ է հաճելի: Նման միջոցառումները կօգնեն նաև ամրապնդել ընտանեկան փոխհարաբերություններն ու կստեղծեն միասին անցկացրած ժամանակի վերաբերյալ հաճելի, ջերմ և հուզականորեն հագեցած հիշողություններ:

| Նյութը ներկայացրեց «Երկուսով» կենտրոնի հոգեբան Արևիկ Ավագյանցը։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook