Friday, May 3, 2024
Մանկան ԱնկյունՆորություններ

8 ՔԱՅԼ՝ ՕԳՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԲՈՒԼԻԻՆԳԻ ԵՆԹԱՐԿՎՈՂ ԴԵՌԱՀԱՍԻՆ

ԲՈՒԼԻԻՆԳԸ՝
– սահմանվում է՝ որպես անցանկալի, ագրեսիվ պահվածք դպրոցահասակ երեխաների շրջանում,
– ներառում է իրական կամ ընկալվող անհավասար իշխանություն,
– կրկնվող վարքագիծ է կամ մեծ պոտենցիալ ունի կրկնվելու,
– նպատակը ֆիզիկական կամ հոգեբանական ցավ պատճառելն է,
– ունի 3 առանձնահատկություն՝
դիտավորություն, կրկնություն, ուժ (իշխանություն):

ԲՈՒԼԻԻՆԳԻ ԵՆԹԱՐԿՎԵԼՈՒ ԱՌԱՎԵԼ ԲԱՐՁՐ ՌԻՍԿԻ ՄԵՋ ԵՆ՝

• Մարգինալացված համայնքների երեխաները
• Աղքատ ընտանիքների երեխաները
• Արտաքինով տարբերվող երեխաները
• Հաշմանդամություն ունեցող երեխաները
• Միգրանտ կամ փախստական երեխաները:

📱ԿԻԲԵՐԲՈՒԼԻԻՆԳԸ՝

– թվային տեխնոլոգիաների միջոցով իրագործվող բուլիինգն է։
– կարող է տեղ գտնել՝
սոցմեդիայի հարթակներում,
հաղորդագրությունների հարթակներում,
խաղային հարթակներում,
բջջային հեռախոսներում (զանգեր կամ sms):
– ևս դիտավորյալ ու կրկնվող վարքագիծ է,
– նպատակը թիրախավորված անձանց վախեցնելը, զայրացնելն ու ամոթի զգացում առաջացնելն է։

ԿԻԲԵՐԲՈՒԼԻԻՆԳԻ ՕՐԻՆԱԿՆԵՐ ԵՆ՝

• Անձի մասին ստերի կամ ամոթալի լուսանկարների տարածումը սոցմեդիայում։
• Անձին վիրավորական, բռնություն պարունակող կամ սպառնալից նամակներ, նկարներ, տեսաձայնագրություններ ուղարկելը։
• Անձի անունից հանդես գալը և նրա անունից կամ կեղծ էջերով անքաղաքավարի նամակներ ուղարկելն այլ անձանց:

📍 2 ԿԱՐԵՒՈՐ ԴԻՏԱՐԿՈՒՄ

1. Բուլիինգը պետք է տարբերել կատակից։
Եթե դեռահասն իրեն վատ է զգում ասվածից, ու դադարեցնելու իր խնդրանքից հետո այն չի դադարում, ապա տեղի ունեցողը բուլիինգ է. դեռահասին օգնություն է հարկավոր։

2. Կիբերբուլիինգի դեպքում փախչելու հնարավորություն չկա։ Ի տարբերություն առերես բուլիինգի, որը սահմանափակված է դպրոցով կամ կոնկրետ մարդկանցով, կիբերբուլիինգը կարող է կատարվել ցերեկը, գիշերը, ցանկացած վայրում, անանուն աղբյուրներից, ինչն իրավիճակը դարձնում է առավել անողոք ու դաժան։

💡 ՀԵՏԵՒԱՆՔՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԼԻՆԵԼ՝

ՀՈՒԶԱԿԱՆ – անհանգստություն, ամոթի զգացում, վիրավորանք, անվտանգության զգացման կորուստ և վախ, ինքնամեղադրանք, նվաստացում (եթե երեխան գիտի, որ այդ տհաճ տեքստները կարող են կիսվել այլ մարդկանց հետ ևս), մեկուսացում, զայրույթ և այլն։

ՀՈԳԵԿԱՆ, ՄՏԱՎՈՐ – կյանքը դեռահասին կարող է թվալ անհույս և անիմաստ, սուիցիդալ մտքեր և ինքնավնասում, հետաքրքրության կորուստ նախկինում սիրելի բաների հանդեպ, ցածր ինքնագնահատական, ակադեմիական առաջադիմության նվազում, սովորելու հետ դժվարություններ, «խայտառակ եղած» լինելու զգացում։

ՎԱՐՔԱՅԻՆ – ալկոհոլի և/կամ թմրանյութերի օգտագործում (բուլիինգի ենթարկված երեխաները 2,5 անգամ ավելի հակված են մարիխուանայի օգտագործման կամ ալկոհոլի չարահաշման, քան այլ երեխաներ), խուսափում դպրոցից, զենքի կրում և դպրոց տանել։

ՖԻԶԻԿԱԿԱՆ – hոգնածություն, քնի խանգարումներ, գլխացավեր աղեստամոքսային խնդիրներ, սննդային խանգարումներ և այլն։

🫂 ԻՆՉՊԵ՞Ս ՕԳՆԵԼ ԲՈՒԼԻԻՆԳԻ ԵՆԹԱՐԿՎՈՂ ԴԵՌԱՀԱՍԻՆ/ԵՐԵԽԱՅԻՆ. 8 ՔԱՅԼ

✓ Լսել երեխայի/դեռահասի հույզերը, ապրումակցել, հավատալ։

✓ Կարևոր է, թե ծնողները և ուսուցիչները ինչ ներքին դիրքորոշում ունեն բուլիինգի հանդեպ։ Եթե նրանք կայուն կերպով չեն հանդուրժում բուլիինգը, երեխան հենվելու տեղ ունի, և անօգնականության զգացումն աստիճանաբար կարող է նահանջել։

✓ Բարձրաձայնել խնդրի մասին անհրաժեշտ վայրերում (դպրոց և այլն), որից հետո ճշտել, թե արդյո՞ք երեխան այլևս անվտանգ է:

✓ Անհրաժեշտության դեպքում դիմել իրավապահներին:

✓ Օգնել երեխային/դեռահասին կառուցել ուժեղ, դիմակայուն և ճկուն ինքնություն:

✓ Օգնել երեխային զարգացնել ներքին վստահություն՝ սեփական ուժերի հանդեպ։

✓ Օգնել նրան կատարել այնպիսի առաջադրանքներ, զարգացնել այնպիսի հոբբիներ և հետաքրքրություններ, որոնցում նա կհաջողի : Սա տալիս է կամքի ազատություն, օգնում ամոքել վերքերն ու վերականգնել առողջ «Ես-պատկերը»։

✓ Ուղղորդել հոգեթերապևտիկ միջամտության:

| Նյութը ներկայացրեց «Երկուսով» կենտրոնի հոգեբան Արևիկ Ավագյանցը

Leave a Reply

x Close

Like Us On Facebook