Կարևորվել է աջակցությունը ՄԻԱՎ վարակի, վիրուսային հեպատիտ Ց-ի բուժման և կանխարգելման ծրագրերին
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանն ընդունել է «Աշխարհի բժիշկներ» (Medecines du Monde) ֆրանսիական միջազգային կազմակերպության Վրաստանի ներկայացուցչության անդամներին՝ առաքելության ղեկավար Էլիզաբեթ Ավրիլին և ընդհանուր համակարգող Վերոնիկ Միոլենին։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը:
«Աշխարհի բժիշկներ» կազմակերպությունը գործունեություն է ծավալում Ֆրանսիայում և աշխարհի 64 երկրում` իրականացնելով առողջապահական ծառայությունների համընդհանուր հասանելիության ապահովմանն ուղղված բժշկական նորարարական ծրագրեր ու նախաձեռնություններ: Հիմնական ուղղություններից են ՄԻԱՎ վարակին հակազդումը և միգրանտներին ու փախստականներին աջակցությունը:
«Աշխարհի բժիշկների» Վրաստանի ներկայացուցչության անդամները փոխնախարարին տեղեկացրել են, որ ներկայումս Հարավային Կովկասի տարածաշրջանում իրականացնում են ՄԻԱՎ վարակի և վիրուսային հեպատիտ Ց-ի կանխարգելմանն ուղղված ծրագրեր առավել ռիսկային խմբերի շրջանում: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում նմանատիպ ծրագրերի իրականացման հնարավորությունը։
Էլիզաբեթ Ավրիլը և Վերոնիկ Միոլենը նշել են, որ Վրաստանում վիրուսային հեպատիտ Ց-ի էլիմինացիայի ծրագրին աջակցելու նպատակով իրականացվում է պիլոտային ծրագիր ուղղված թմրամիջոցների ներարկային օգտագործողների շրջանում հեպատիտ Ց-ի հայտնաբերմանը, հիվանդության փուլի և լյարդի ախտահարման աստիճանի որոշմանը, բուժումը սկսելու համար շարժառիթի ձևավորմանը, բուժման ուղղորդմանն ու կրկին վարակվելու կանխարգելմանը:
Սերգեյ Խաչատրյանն «Աշխարհի բժիշկներ» կազմակերպության ներկայացուցիչներին առաջարկել է իրենց հետաքրքրությունների շրջանակում աջակցել ՄԻԱՎ վարակի, վիրուսային հեպատիտ Ց-ի բուժման և կանխարգելման ծրագրերին։ Մասնավորապես, կարևորվել են պացիենտների համապատասխան տվյալների բազայի ստեղծմանը և վարմանը, հեպատիտ Ց-ով պացիենտների հայտնաբերմանը, բնակչության շրջանում հեպատիտ Ց-ի տարածվածության որոշմանն ուղղված միջացառումների անցկացումը: