Friday, May 3, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Որ դեպքերում է մկանային ցավը հուշում առողջական լուրջ խնդրի մասին

Մկանային ցավը բավական տարածված խնդիր է, որը հաճախ է ի հայտ գալիս ֆիզիկական ծանրաբեռնվածությունից հետո, սակայն որոշ դեպքերում այն կարող է պայմանավորված լինել շատ ավելի վտանգավոր խանգարումներով, որոնք ոչ մի դեպքում չի կարելի անտեսել։

Մկանային ցավի խնդրին կարող են բախվել բոլորը՝ անկախ սեռից ու տարիքից։ Ինչպես նշել է բժիշկ Ջեյսոն Հուսեյնը բրիտանական Express Health պարբերականի հետ զրույցում, այս խնդրի ամենատարածված պատճառը սովորաբար ինտենսիվ մարզումներն են լինում։ Նման դեպքերում ցավն ու շարժումների կաշկանդվածությունը մարզումներից հետո պայմանավորված են լինում մկանային մանրաթելերում միկրոսկոպիկ պատռվածքներով, ինչին օրգանիզմը պատասխանում է բորբոքումներն ուժեղացնող նյութերի մակարդակի բարձրացմամբ։ Հենց սա է պատճառը, որ խնդիրն ուղեկցվում է նման տհաճ ախտանշաններով։

Բժշկի խոսքով՝ նմանատիպ ցավերն առավել հաճախ ի հայտ են գալիս սկսնակ մարզիկների մոտ, սակայն կարող են պայմանավորված լինել նաև մարզումների ինտենսիվության բարձրացմամբ։ Նման դեպքերում ցավը չի հուշում չափազանց լուրջ խնդրի մասին, ուստի անհանգստանալու կարիք չկա, սակայն երբեմն մկանային ցավը պայմանավորված է լինում նաև այլ պատճառներով, այդ թվում նաև շատ լուրջ ախտաբանություններով, որոնց դեպքում հարկավոր է անպայման դիմել բժշկին։ Բժիշկ Հուսեյնի խոսքով՝ նման ախտաբանությունների շարքին կարող են դասվել․

  • ֆիբրոմիալգիան (հատկապես, եթե ցավը պահպանվում է ավելի քան երեք ամիս),
  • քրոնիկ հոգնածության համախտանիշը,
  • միոֆասցիալ ցավի համախտանիշը, որը հանգեցնում է մկանային շարակցական հյուսվածքների բորբոքման,
  • վարակիչ հիվանդությունները (գրիպ, պոլիոմիելիտ կամ բակտերիալ վարակներ),
  • աուտոիմունային հիվանդությունները, այդ թվում՝ գայլախտը, դերմատոմիոզիտը, պոլիմիոզիտը և այլն,
  • որոշակի դեղամիջոցների կամ նյութերի, այդ թվում նաև ստատինների և անգիոտենզին փոխակերպող ֆերմենտի արգելակիչների (ԱՓՖ արգելակիչներ) գործածությունը,
  • վահանագեղձի հետ կապված խնդիրները,
  • հիպոկալիեմիան (օրգանիզմում կալիումի ցածր մակարդակ)։

Հաշվի առնելով այն փաստը, որ վերոնշյալ հիվանդություններից շատերը կարող են խիստ վտանգավոր լինել առողջության ու կյանքի համար, հարկավոր է շատ ուշադիր լինել մկանային ցավի առկայության դեպքում, նշել է մասնագետը։ Միևնույն ժամանակ բժիշկը ներկայացրել է այն ախտանշանները, որոնցով ուղեկցվող մկանային ցավը պետք է անհապաղ բուժզննում անցնելու պատճառ դառնա։ Այդ ախտանշաններն են․

  • ցավը, որը չի մեղմվում մի քանի օր տան պայմաններում բուժում ստանալուց հետո,
  • սաստիկ մկանային ցավը, որն ի հայտ է գալիս առանց հասկանալի պատճառի,
  • մաշկային ցանով ուղեկցվող մկանային ցավը,
  • մկանային ցավը, որն ի հայտ է գալիս տզի խայթելուց հետո,
  • կարմրածությամբ կամ այտուցվածությամբ ուղեկցվող ցավը,
  • դեղորայքի փոփոխությունից հետո ի հայտ եկող ցավը,
  • մարմնի ջերմաստիճանի բարձրացման ֆոնին ի հայտ եկող ցավը։

Նյութը ՝ med.tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook