Thursday, May 2, 2024
ՆորություններԳեղեցկություն և խնամք

Հինգ պարզ հնարք, որոնք կօգնեն ազատվել ավելորդ քաշից առանց առողջությանը վնասելու

Ավելորդ քաշի դեմ շատերն են պայքարում, սակայն ոչ բոլորին է հաջողվում հասնել ցանկալի արդյունքին։ Քաշի նվազման գործընթացը կարող է բավական երկարատև լինել, ուստի արագ արդյունքի չհասնելու դեպքում մարդիկ հաճախ հուսալքվում են։ Սա պայմանավորված է լինում նրանով, որ նիհարելու համար մարդիկ հաճախ հետևում են տարածված սննդակարգերի, որոնք ենթադրում են սննդի խիստ սահմանափակում և որոշակի մթերքի բացառում։ Նման սննդակարգերը խիստ բացասաբար են անդրադառնում ինքնազգացողության վրա, իսկ դրանց արդյունքը հազվադեպ է երկար պահպանվում։ Այնուամենայնիվ մասնագետները հաճախ են շեշտում, որ ավելորդ քաշից ազատվելու համար նման խիստ սահմանափակումների կարիք չկա։ Պարզապես հարկավոր է կարգավորել կենսակերպն ու սննդակարգը, ինչպես նաև հրաժարվել վատ սովորություններից։

 Սննդաբանները ներկայացրել են հինգ պարզ հնարք, որոնք կօգնեն նվազեցնել քաշն առանց խիստ սննդակարգերի և առանց առողջությանը վնաս հասցնելու։ Ավելին՝ այս խորհուրդներին հետևելու դեպքում հնարավոր կլինի հեշտությամբ պահպանել ստացված արդյունքը և կանխել քաշի հետագա ավելացումը։

Խուսափել վերամշակում անցած սննդամթերքից

Ավելորդ քաշից ազատվելու համար մասնագետները խորհուրդ են տալիս առաջին հերթին հրաժարվել վերամշակում անցած մթերքից ու բոլոր կիսաֆաբրիկատներից։ Բանն այն է, որ նման մթերքը հարուստ է մեծ քանակությամբ նատրիումով, տրանս-ճարպերով ու շաքարով, իսկ դրանք բացասաբար են անդրադառնում ինչպես կազմվածքի, այնպես էլ ընդհանուր առողջական վիճակի վրա։ Բացի այդ, հարկավոր է խուսափել նաև հացահատիկի այն տեսակներից կամ դրանցով պատրաստված այն մթերքից, որոնք գրեթե չեն պարունակում սննդարար նյութեր, օրինակ՝ սպիտակ հացից, ալյուրից, բրնձից և այլն։

Հաճախ գնալ զբոսանքի

Շատ հաճախ նիհարել ցանկացող մարդիկ ոսկորների հետ կապված այս կամ այն խնդիրների պատճառով չեն կարողանում կատարել ֆիզիկական վարժություններ, ինչը բացասաբար է անդրադառնում նրանց քաշի վրա։ Նման դեպքերում մարդիկ պետք է հնարավորինս հաճախ զբոսնեն, քանի որ քայլքը նույնպես շատ օգտակար է առողջության ու կազմվածքի համար։ Զբոսանքը հատկապես օգտակար կլինի վաղ առավոտյան, քանի որ օգնում է արթնանալ ու թարմանալ, նպաստում է քաշի նվազմանն ու օգնում է խթանել օրգանիզմի տարբեր գործառույթները, այդ թվում՝ նյութափոխանակությունը, մարսողությունը, շնչառությունն ու արյան շրջանառությունը։

Ավելացնել օգտագործվող սպիտակուցների քանակությունը

Սպիտակուցները բարելավում են օրգանիզմի ամենատարբեր գործառույթները, այդ թվում նաև նյութափոխանակության համակարգի աշխատանքը։ Դրանց յուրացման համար օրգանիզմը բավական շատ էներգիա է վատնում, ինչը նշանակում է, որ նաև ավելի շատ կալորիա է այրվում։ Բացի այդ, սպիտակուցները մկանային համակարգի ձևավորման համար անհրաժեշտ հիմնական տարրերն են, ուստի սպիտակուցով հարուստ մթերքի գործածությունը կօգնի նիհարել՝ միաժամանակ պահպանելով մկանային զանգվածը։ Սա է պատճառը, որ նիհարել ցանկացողներին սննդաբանները խորհուրդ են տալիս սննդակարգում անպայման ներառել ընկուզեղեն, սերմեր, լոբազգիներ, ամբողջահատիկ մթերք, հավկիթ, ձուկ և սպիտակուց պարունակող այլ մթերք։

Օգտագործել փոքրիկ ափսեներ

Սովորաբար նորմայից շատ ուտելու սովորության դեպքում սննդի չարաշահումից խուսափել չի հաջողվի, սակայն կա մի շատ պարզ ու արդյունավետ հնարք, որը կօգնի վերահսկողության տակ պահել օգտագործվող մթերքի քանակությունը։ Մասնագետները խորհուրդ են տալիս պարզապես օգտագործել ավելի փոքր ափսեներ, ինչը թույլ չի տա գերազանցել  սահմանված չափաբաժինը։ Բացի այդ, փոքր սպասքը նաև հոգեբանորեն է ազդում մարդու վրա՝ հիշեցնելով նիհարելու անհրաժեշտության մասին։

Ուտել մրգեր ու բանջարեղեն

Մրգերն ու բանջարեղենը պարունակում են մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ, որոնք ազդում են նյութափոխանակության համակարգի աշխատանքի վրա։ Բացի այդ, դրանք հարուստ են նաև օրգանիզմի համար շատ կարևոր միկրոտարրերով, ինչպես նաև մեծ քանակությամբ սննդային մանրաթելերով, որոնք նպաստում են մարսողության բարելավմանն ու քաշի նվազմանը։

Նյութի աղբյուրը՝ med.tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook